Tuesday, December 29, 2009

Սուրբ Ծնունդին հավատացյալներն իրենց տուն Լույս են տանում


Հայ առաքելական եկեղեցու համար ամանորյա տոնրն առավել կարևորում են Սուրբ ծննունդը տոնելու հանգամանքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Հովհաննես եկեղեցու Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հայտնեց, որ նախկինում քրիստոնյաններն առավել ուրախությամբ պատրաստվում էին Սուրբ Ծննդյան տոնին:

«Նախկինում հունվարի 5-ին մարդիկ իրենց տներում ճրագ չէին վառում, մասնակցում էին ժամերգությանն ու ճրագալույցի պատարագին, և եկեղեցուց էին լույս տանում իրենց տան ճրագը վառելու համար»,- հայտնեց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, ով հավելեց, որ ներկայումս ևս շատերը Սուրբ ծննդյան տոնը սկսկում են նշել եկեղեցում:


Հավատացյալ ժողովուրդը, հունվարի 5-ի երեկոյան մասնակցելով Ճրագալույցի պատարագին, եկեղեցուց «օրհնված լույս» է տանում իր տուն` աշխարհի Լույսի` Քրիստոսի ծննդյան ավետիսը տոնելու: Հիշեցնենք, որ այս օրը, Ավետարանի փոխանցմամբ, մոգերը, աշխարհի տարբեր ծայրերից, երկնքում աստղ տեսնելով, գալիս են Փրկչին երկրպագելու:

Մոգերն իրենց հետ նվերներ են բերում Քրիստոսին, ինչը ևս փոխանցվել է մեր օրեր: Տեր Շմավոնի տեղեկացմամբ` նախկինում Սուրբ Նիկողայոս հայրապետը նվերներ էր բաժանում Հիսուսի ծննդյան օրը,և ցանկալի է, որ նվերներ միմյանց տրվեն հենց այդ խորհրդանշական օրը:


Հարկ է նշել նաև, որ հունվարի 6-ին եկեղեցիներում տեղի է ունենում Ս. Պատարագ և «խաչի ջուր իջեցնելու» ծեսը, որը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը: Այնուհետև օրհնված մյուռոնաջուրը բաժանվում է հավատացյալներին, ինչը օգտագործվում է հիվանդների բժշկության և տան բարօրության համար:

Տեր Շմավոն քահանան հայտնեց նաև, որ եկեղեցական ավանդույթի համաձայն, Սուրբ Ծնունդից հետո սկսվում է տնօրհնեքների շրջանը: Այդ օրերին հավատացյալները իրենց բնակարաններ են հրավիրում քահանաներին, ովքեր օրհնում են տան աղը, հացը, ջուրը, ալյուրը, բարիքները, Աստծուց խաղաղություն և օրհնություն են խնդրում այդ տան համար:



29.12.2009, 17:40

Aysor.am

Ամանորը դիամավորեք եկեղեցում


Ամանոյա տոները եկեղեցում սկսվում են ոչ թե դեկտեմբերի 31-ի կեսգիշերից, այլ երեկոյան ժամերգությունից հետո, քանի որ, ըստ եկեղեցու, օրը փոխվում է երեկոյան ժամը 5-ին, երբ տեղի է ունենում երեկոյան ժամերգությունը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս եկեղեցում Ամանորի երեկոյան կմատուցվի ժամերգություն: Բացի այդ` ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սբ. Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, կեսգիշերին ևս եկեղեցիներում տեղի կունենա խաղաղության և հանգստության ժամերգություն:


«Կեսգիշերին մենք Ամանորը դիմավորում ենք ոչ թե մեր տանը, բաժակները ձեռքներիս և ամանորյա սեղանի առաջ, այլ եկեղեցում` Աստծո առաջ անելով մեր աղոթքը»,- հայտնեց Տեր Շմավոնն, ով ասաց, որ ժամերգության ընթացքում «շնորհակալություն ենք հայտնում Աստծուց նախորդ տարվա համար և հաջորդ տարվա համար օրհություն ստանալով, մեր հոգիները լցնելով, տուն ենք վերադառնում»:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հայտնեց նաև, որ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Պատարագ է մատուցում նաև հունվարի 1-ի առավոտյան: Քահանան կոչ արեց բոլորին ոչ միայն հունվարի 1-ին ներկա գտնվել ամանօրյա Ս. Պատարագին, այլև կեսգիշերին` Ամանօրը դիմավորել եկեղեցում, այնուհետև այն տոնել տանը` ամանորյա սեղանի շուրջ:



29.12.2009, 17:33

Aysor.am

Սուրբ Ծննդյան ու Ամանորյա տոների տարբերությունները


«Մշտապես հայոց մեջ Ամանորը չի գերակայել այլ տոների. մարդիկ մեծ ուրախությամբ սպասում էին Սուրբ Ծննդյան տոներին, իսկ Ամանորը նշվում էր ուղղակիորեն, բայց ավանդական տոնակատարությամբ»,- նշեց Ս. Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, թե ինչպես են քրիստոնյա հայերը տոնել ու շարունակում տոնել Ամանորը:

Ըստ Տեր Շմավոնի` երբ Հայաստանում Ամանորը սկսվեց նշվել հունվարին, հայերը դարձյալ այն չափավոր էին տոնում, քանի որ հունվարի մեկը պահքի շրջանում էր գտնվում և քրիստոնյա հայերն Ամանորը դիմավորում էին պահոց ուտելիքներով: Ու ըստ այդմ էլ, ավելի մեծ շուքով էր նշվում Սուրբ Ծնունդը, որի համար պատրաստում էին թեթև, միևնույն ժամանակ խորհրդանշական ուտեստներ:


«Ամանորին ավելի շատ սկսել են տուրք տալ, երբ Հայաստանն անցավ Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ, ապա մտավ Խորհրդային Միության կազմի մեջ, որտեղ ամենից շատ կարևորվում էին Ամանորյա տոները», - մանրամասնեց Տեր Շմավոնն ու հավելեց, որ միևնույն ժամանակ Խորհրդային Միության իշխանությունները ցանկանում էին ամեն ինչ, ինչը կապված էր Սուրբ Ծննդյան տոների հետ տեղափոխել Ամանորյա տոներ, որպեսզի աստիճանաբար մարդիկ մոռացության մատնեին այն ամենը, ինչը կապված էր քրիստոնեության հետ:

Տեր Շմավոնի կարծիքով, ներկայումս մարդիկ ամեն ինչ կապում են Ամանորի հետ, ամբողջ տարվա ընթացքում աշխատում են ու պատրաստվում են Ամանորյա տոների համար, «ինչը ցավալի է, քանի որ Սուրբ Ծնունդը մի տեսակ ստվերի մեջ է մնում»: Այս բացը լրացնելու համար, ըստ քահանայի, պետք է բարձրացնել մարդկանց գիտակցությունը, որպեսզի վերջիններս «առաջնայինը երկրորդայինից զանազանեն»:



29.12.2009, 13:42

Aysor.am

Monday, December 28, 2009

Է. Շարմազանովը խոսեց նաև բացթողումներից


«Ես մտադրություն չունեմ ընդդիմադիր քաղաքական ուժերի բոստանը քար գցել, բայց շատ ճիշտ կլիներ, որ այն ընդդիմադիր ուժերը ովքեր մշտապես խոսում են և ասուլիսների միջոցով դեղատոմսեր են առաջադրում իշխանություններին նախագահի կազմակերպած քննարկումներին գային, աշխատեին և իրենց առողջ քննադատությունը ներկայացնեին»,- հայտնեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` խոսելով այն բացերից, որոնք տեղ են գտել 2009 թ-ի ընթացքում:

Ըստ Է. Շարմազանովի, «շատ ճիշտ կլիներ, եթե այն վստահությունը, որը Երևանի բնակչությունը տվեց Հայ ազգայի կոնգրեսին` ավագանու ընտրությունների ժամանակ, ՀԱԿ-ը վերցներ, գար ու այսօր աշխատեր, թեկուզ` քննադատեր»:


Չնայած թերություններին, խմբակցության քարտուղարը հույս ունի, որ «2010 թ-ը կունենա այն դրական սպասելիքները, ինչը իշխանություններից ակնկալում են մեր քաղաքացիները և հասարակությունը»:


28.12.2009, 17:08

Է.Շարմազանով. «Մինչև ապրիլի 24-ը ամեն ինչ պարզ կլինի»


«Արտաքին քաղաքականության մեջ սա բեկումնային տարի էր, որովհետև Հայաստանը ներկայացավ աշխարհին»,- կարծում է ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ով ամփոփելով անցնող տարին, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելիս` շեշտը դրեց հայ-թուրքական հարաբերությունների վրա:

Է. Շարմազանովի խոսքերով, եթե տարվա սկզբին մենք ունեինք կիսատ գործընթաց` հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, ապա տարվա վերջում մենք ունենք ստորագրված արձանագրություններ, որտեղ աշխարհի կարևոր ուժային կենտրոնները ողջունեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը և արձանագրեցին, որ այս արձանագրություններում նախապայմաններ չկան: Շարմազանովը նշեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին խոսել է նաև Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիբ Էրդողանը, ով Վաշինգտոնում հրապարակային հայտարարել է այդ մասին:


Այս առիթով խմբակցության քարտուղարը փաստեց նաև, որ Հայաստանի «բոլոր երեք նախագահների օրոք էլ մեր արտաքին քաղաքականության օրակարգում եղել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը.
մենք կողմնակից ենք, որպեսզի 21-րդ դարում մեր հարևանների հետ ունենանք նորմալ հարաբերություններ, բայց այն չի կարող լինել ի հաշիվ մեր ազգային շահերի»:

Է. Շարմազանովն անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին և ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են այդ գործընթացն «ավելի ինտենսիվորեն»: Նա պատահական չհամարեց այն, որ այդ մասին բազմից խոսել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես հիշեցրեց Շարմազանովը, երկրի ղեկավարը նույնիսկ իր ելույթում ընդգծել է, որ «Հայաստանը պետք է օգնի Թուրքիային ճանաչել սեփական պատմությունը»:


«Մեզ ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերություններ բարելավել պետք չէ: Եթե աշխարհին կամ թուրք ժողովրդին թվում է, թե մենք գիշեր-ցերեկ մտածում ենք, թե ինչպես Թուրքիայի հետ բարեկամանանք, այդպես չէ, սա երկկողմ շահավետ գործընթաց է, որը կհանգեցնի տարածաշրջանի խաղաղությանը և զարգացմանը, և Հայաստանն այդ ուղղությամբ իր լուրջ լուման ներդրել է»,- բացատրեց Է. Շարմազանովը:

Չցանկանալով խելամիտ ժամկետներ նշել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների վավերացման առումով` Է. Շարմազանովը հայտնեց միայն, որ իր կարծիքով` «մինչև ապրիլի 24-ը ամեն ինչ պարզ կլինի»: 



28.12.2009, 14:25

Aysor.am

Շարմազանով. իրավունքների ոտնահարումը «դատապարտելի է»

ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը տեղյակ չէր, որ նախօրեին Երևանում ծեծի են ենթարկվել թիվ 10 ընտրատեղամասի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի 10 երիտասարդները:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, Է. Շարմազանովը հայտնեց, որ «իր տեսակետը և իր քաղաքական ուժի տեսակետը հստակ է. ցանկացած ոտնահարում քաղաքացիների իրավունքների նկատմամբ անթույլատրելի է»:


«Կլինի նա ընդդիմադիր գործիչ, իշխանական գործիչ, թե քաղաքականությունով չզբաղվող, միևնույն է, քաղաքացու իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնահարում դատապարտելի է»,- ընդգծեց Է. Շարմազանովը:

Է. Շարմազանովի խոսքերով, «այսօր իրավապահ մարմինները և բոլորս անելիքներ ունենք, և ցանկացած ոտնահարում պետք է պարզվի իրավական շրջանակներում»: 



28.12.2009, 13:57

Aysor.am

Շարմազանով. «Հագեցած և իրադարձություններով հարուստ» 2009 թ-ը


Ամփոփելով անցնող տարին` ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովն այն գնահատեց որպես «հագեցած և իրադարձություններով հարուստ տարի»:


Խոսելով Հայաստանի ներքին քաղաքականության և 2009 թ-ի կարևորագույն իրադարձությունների մասին` Է. Շարմազանովը նախ անդրադարձավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և Հայաստանի վրա դրա թողած ազդեցությանը: Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստնում, ճգնաժամը, լինելով իր գագաթնակետին, ազդեցություն ունեցավ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, և տնտեսությունն անկում ապրեց:


«Ավելի ճիշտը կանխարգելն է, քան թե ապաքինելը», - ընդգծեց խմբակցության քարտուղարն ու հավելեց. «Հենց այդ ճանապարհով էլ գնաց Տիգրան Սարգսյանի Կառավարությունը և նախագահ Սերժ Սարգսյանի թիմը, որի արդյունքում հնարավոր եղավ զերծ մնալ վատագույն սցենարներից»:

Կարևոր իրադարձությունների շարքում Է. Շարմազանովն առանձնացրեց նաև համաներում կիրառելը և մայիսին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները, որն «ամենահրապարակայինն էր, ամենաբացը, երբ բոլոր թեկնածուներին էլ տրված էին հավասար պայմաններ` լուսաբանվելու և նախընտրական քարոզարշավ իրականացնելու»:


«Ուրախալի է, որ այդպիսի հավասար և ժողովրդավար պայմաններում բացարձակ հաղթանակ տոնեց Հանրապետական կուսակցությունը», - այս առիթով ընդգծեց Է. Շարմազանովը, ում համոզմամբ «Հանրապետականի համար ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն»:


Խմբակցության քարտուղարը Հայաստանի ներքին քաղաքականությունում համերաշխության և երկխոսության մթնոլորտի կայացմանն ուղղված քայլ որակեց Հանրային խորհրդի կայացումը: Բացի այդ, ըստ Է. Շարմազանովի, երկխոսությանը նպաստեցին նաև մի քանի անգամ տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունները` քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:


Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ճանապարհորդությանը` Է. Շարմազանովը նշեց, որ այդպիսով Հայաստանն «ամբողջ աշխարհին ներկայացավ որպես մի պետություն, որն ունի 10 մլն բնակչություն»:

«Նախագահի համահայկական ճանապարհորդությունը, չնայած կապված էր հայ-թուրքական հարաբերությունների հետ, սակայն նախագահն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ գործ ունի ոչ թե 3 միլիոնանոց հայերի, այլ 10 միլիոնանոց կոշտ ու համախմբված հայերի հետ, որոնք իրենց պատմական ժառանգության և պատմական արդարության հետևորդն են լինելու», - ամփոփելով խոսքը` մանրամասնեց Է. Շարմազանովը:




28.12.2009, 12:48

Aysor.am

Վայոց Ձորը տարին ամփոփում է դիմակահանդես-երեկոյով

Այս րոպեներին Վայոց Ձորի մարզկենտրոնում` Եղեգնաձորում, տեղի է ունենում Տարեմուտի երեկո-դիմակահանդես: Այս մասին Aysor-ին հայտնեց միջոցառման կազմակերպիչներից ու երեկոյի հաղորդավար Աննա Հակոբյանը:

Տեղեկացնենք, որ երեկոյի կազմակերպիչն է Վայոց Ձորի երիտասարդ միջոցառումների կազմակերպման կենտրոնը, որն ամեն տարի դեկտեմբերի վերջին նմանօրինակ միջոցառումներ է կազմակերպում մարզի երիտասարդների համար:


Միջոցառմանը մասնակցում են մարզի քաղաքների ու գյուղերի երիտասարդական միությունների երիտասարդները, ուսանողներն ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Երեկոյի ընթացքում ներկաներին սպասվում է համերգային ու պարային ծրագրիր: Բացի այդ` կազմակերպվելու են մի շարք խաղեր ու մրցույթներ, ամենաակտիվ երիտասարդները պարգևատրվելու են:


Ա. Հակոբյանի խոսքերով, նմանօրինակ միջոցառումները նպաստում են մարզի երիտասարդական կյանքի աշխուժացմանը, նոր ծանոթությունների ու նորանոր ծրագրերի առաջացման խթան են հանդիսանում, ինչպես նաև` մտերմացնում են երիտասարդներին:

Հարկ է նշել նաև, որ միջոցառմանը ներկա է Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, ԱԺ Վայոց Ձորի պատգամավոր Սամվել Սարգսյանը, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու այլ պաշտոնատար անձիք:



26.12.2009, 19:03
Aysor.am

«Կանաչաչյա կնոջ» համերգը` նվիրված Ա. Տերտերյանի 80-ամյակին


Այս տարին իրավմամբ կարելի է համարել հոբելյանական: Բազմաթիվ հոբելյարների շարքում էր նաև անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը, ում 80-ամյակն էր նշվում անցնող տարում:


Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թ-ի հուլիսի 29-ին Բաքվում: Ծնողները, թեև մասնագիտությամբ երաժիշտներ չեն եղել, բայց զբաղվել են երաժշտությամբ` եղել են երգիչներ: 1948 թ.–ին Տերտերյանը սկսում է ուսումը Բաքվի կոնսերվատորիայում, իսկ 1951 թ.–ին տեղափոխվում է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան։ 1952–ին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։


Տերտերյանն առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ ստեղծագործություններով ու նորարարական խիզախությամբ: Իր ստեղծագործություններում նա օգտագործել է հայկական հոգևոր երաժշտության տարրեր ու հայկական երաժշտական գործիքներ` դուդուկ, զուռնա, թառ և այլն:

Տերտերյանը հեղինակել է նաև երկու օպերա, բալետ, կամերային երաժշտություն (այդ թվում 2 լարային կվարտետ) վոկալ և ֆիլմի երաժշտություն։ 1985–ից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։ Տերտերյանը մահացել է 1994–ին և թաղվել է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։


Այս տարի կոմպոզիտորի հոբելյանին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: Հայաստանի պետական նվագախմբի կատարմամբ այս տարի ներկայացվել են Ա. Տերտերյանի երկու սիմֆոնիաները: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած համերգի շրջանակներում էլ հնչել են կոմպոզիտորի կամերային ոճի ստեղծագործությունները:

Հարկ է նշել նաև, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բեմադրվեց Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան, որի պրեմիերաները կայացան դեկտեմբերի 1-ին և 2-ին: Օպերայի բեմադրող դիրիժորն էր Ռուբեն Ասատրյանը, ռեժիսորը՝ Լևոն Իվանյանը, խորմայստերը՝ Կարեն Սարգսյանը, իսկ նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը:


Հոբելյանական համերգները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում: Ավետ Տերտերյանի 80-ամյա հոբելյանը նշվելու է Երևանի «Ակումբ» («The Club») ակումբում: Համերգի ընթացքում, որը կրում է «Կանաչաչյա կնոջը» խորագիրը, կատարումներով հանդես կգան երգչուհի Աննա Մայիլյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրում հնչելու են ինչպես Ա. Տերտերյանի, այնպես էլ Բախի ու Հայդենի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ցուցադրվելու է նաև Գ. Ռոժդենստվենսկու «Հինգերորդ սիմֆոնիա» ֆիլմը:



26.12.2009, 18:16

Sunday, December 27, 2009

Արամ Ղարաբեկյանը դեռ շարունակում է մնալ իր պաշտոնում


Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը դեռ շարունակում է մնալ իր պաշտոնում, չնայած որ օրեր առաջ ՀՀ Մշակույթի նախարարություն է ներկայացրել հրաժարականի դիմում, որով հայտարարել է, որ իր կողմից ղեկավարվող խմբի հետ այլևս չի կարող աշխատել:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով չի ընդունել հրաժարականի մասին դիմումը, իր այդ որոշումը բացտրում է երկու տեսանկյունից` որպես նախարարի և որպես մի մարդու, ով 1997 թվականից հետևում է այդ խմբի գործունեությանը: Նա համոզված է, որ խումբը գտնվում է ստեղծագործական ճգնաժամի մեջ, և չի կարելի այժմ ծայրահեղ լուծումների գնալ:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «հեշտ չէ այսօր եղած մի բան քանդել ու նորից հավաքել»` նախարարության կողմից ժամանակավորապես նվագախմբի տնօրեն է նշանակվել, իսկ Ա. Ղարաբեկյանը շարունակում է մնալ նվագախմբի գեղարվեստական ղեկավար:

Տեղեկացնենք նաև, որ Հ. Պողոսյանն անձամբ մի քանի անգամ հանդիպել է նվագախմբի անդամներին, ունեցել է քննարկումներ, լսել նրանց կարծիքն ու վերաբերմունքը: Նախարարի խոսքրով` հարցը պետք է քննարկեն նախարարության երաժշտական խորհուրդի հետ:



26.12.2009, 12:51

Aysor.am

Tuesday, December 22, 2009

«Ի՞նչ գնով» հաստատել հարաբերություններ Թուրքիայի հետ


Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների մասին «Ժառանգություն» խմբակցությունն «առաջիններից էր, որ հանդես եկավ ծրագրային փաթեթով»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյան:


Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացի ներկա փուլին և հետագա զարգացումներին` Լ. Ալավեսրդյանն ընդգծեց, որ «Ժառանգությունը» «դեմ է արձանագրությունների վավերացմանը»:


«Բոլոր պետություններն էլ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ իրենց հարևանների հետ, բայց խնդիրը նրանում է, թե ի՞նչ գնով»,- բացատրեց Լ. Ալավեորդյանը:


Ըստ Լ. Ալավերդյանի, իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի արձանագրությունները չվավերացվեն, իսկ վավերացվելու դեպքում էլ` կոչ կանեն ժողովրդին համախմբվել և իշխանափոխություն իրականացնել, որպեսզի եկող իշխանությունը մերժի Արձանագրությունների կատարումը:



22.12.2009, 14:39

Aysor.am

«Ժառանգությունը» շարունակում է մնալ «հավատարիմ իր սկզբունքներին»


ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ամփոփելով անցնող տարին, ընդգծեց, որ «չնայած կուսակցության ներսում այս տարի տեղի ունեցած անախորժություններին, խմբակցությունը կարողացել է մնալ կայուն ու հավատարիմ իր սկզբունքներին:


Լ. Ալավերդյանը հայտնեց, որ անցնող տարվա ընթացքում խմբակցությունը 60-ից ավելի օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դրանից միայն 5-ն են ընդունվել խորհրդարանի կողմից, իսկ երեքն էլ ընդունվել են տեսականորեն` մնալով թղթի վրա:


Անդրադառնալով խորհրդարանական քննարկումներին ու լսումներին` Լ. Ալավերդյանը փաստեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ցուցաբերել է ակտիվ մասնակցություն: Մասնավորապես, նա նշեց, որ 2010 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ «Ժառանգությունը» հանդես է եկել մի քանի կանխատեսումներով, առ այն, որ բյուջեի նախագիծն «այնքան էլ վարդագույն չէ, որքան ներկայացվում է»:


«Նմանօրինակ լավատեսական սցենարներ հնարավոր չէ իրականացնել», - ընդգծեց Լ. Ալավերդյանը:


Ամփոփելով իր խոսքը` խմբակցության քարտուղարը հայտնեց նաև, որ խմբակցությանը հաջողվել է տարբեր տեսակի օժանդակություն ցուցաբերել շուրջ 4000 սոցիալապես անապահով անձանց: Նա նշեց, որ «իշխանական կարող ուժերի հետ» համագործակցության շնորհիվ` հաջողվել է լուծել անապահովների մի շարք խնդիրներ:



22.12.2009, 14:21

Aysor.am

Հայաստանում կարևորվում է արվեստի գործերի վերականգնումը


«Ճապոնիայի Կառավարությունը, աջակցելով Հայաստանի զարգացմանը, նպաստում է երկու երկրների միջև բարեկամական կապի ստեղծմանը», - հայտարարեց Ուզբեկստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գլխավոր ներկայացուցիչ Յուկիհիկո Էջիրին` ՀՀ Կառավարության հետ` ի դեմս մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, «Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգման համար սարքավորումների վերազինման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:

Յուկիհիկո Էջիրին հայտնեց, որ դրամաշնորհի նպատակն է Հայաստանի ազգային պատկերասրահին աջակցելը, որի միջոցով ավելի արդյունավետ կերպով կիրականացվեն արվեստի գործերի վերականգնողական աշխատանքները` ոչ միայն Ազգային պատկերասրահում, այլև Հայաստանի տարբեր շրջանաններում գտնվող պատկերասրահներում:

«Ծրագրի հաջողությունը կախված է երկու կողմերի պատասխանատվությունից, և, ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի», - ընդգծեց Յուկիհիկո Էջիրին:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իր հերթին հիշեցրեց, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրերից մշակույթի ոլորտն օգտվում է 5-րդ անգամ: Մինչ օրս այս ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին, Մատենադարանին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին:

«Հայաստանում մշակութային արժեքների վերականգնման գործը կարևորվում է առավելագույնս», - ընդգծեց Հ. Պողոսյանը և նշեց, որ այս գործընթացը զուգորդվում է նաև այլ երկրների հետ համագործակցությամբ:

Այս առիթով նախարարն առանձնացրեց 2010 թ-ից մեկնարկող Ազգային պատկերասրահի բազայի վրա ստեղծվելիք վերականգնողական խոշոր կենտրոնների ձևավորումը, ինչպես նաև «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից իրականացվող համապատասխան մասնագետների վերապատրաստման ծրագրերը:


22.12.2009, 13:18

Ազգային պատկերասրահին կտրամադրվի 27.9 մլն իենի տեխնիկա


Այսօր Հայաստանի Կառավարության` ի դեմս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, և Ճապոնիայի Կառավարության` ի դեմս Ուզբեկստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գլխավոր ներկայացուցիչ Յուկիհիկո Էջիրիի, միջև ստորագրվեց «Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգման համար սարքավորումների վերազինման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագիրը:

Ըստ համաձայնագրի` Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանի ազգային պատկերասրահին հատկացնելու է 27,9 միլիոն ճապոնական իենի (մոտ 310 հազար ԱՄՆ դոլար) չափով տեխնիկական սարքավորումներ: Սարքավորումները ծառայելու են պատկերասրահի համար էական նշանակություն ունեցող երկու խոշոր խնդիրների լուծմանը, այն է` գեղանկարների վերականգնումն ու փայտյա նմուշների վերականգնումը:

Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ազգայի պատկերասրահն ունի շուրջ 25 հազար արվեստի նմուշներ: Պատկերասրահի հավաքածուի մոտ 12 հազար ստեղծագործություն ներկայումս ունի վերականգման կարիք, ինչը չէր իրականացվում համապատասխան դիագնոստիկ և բարձրորակ սարքավորումների բացակայության պատճառով:

Յուկիհիկո Էջիրին իր խոսքում հայտնեց, որ Ճապոնիայի կառավարությունը, օժանդակելով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը, իրականացրել է մի շարք դրամաշնորհային օժանդակություն, տեխնիկական աջակցման և վարկային ծրագրեր` տարբեր ոլորտներում:


22.12.2009, 12:30

Monday, December 21, 2009

Կանանց ահաբեկող տղամարդ է հայտնվել նաև «Հաղթանակ» զբոսայգու մոտ


Aysor-ի նախորդ հրապարակմանը` «Երևանի կենտրոնում չի հաջողվում բռնել կանանց ահաբեկող տղամարդուն», շարունակում են արձագանքել: Մասնավորապես, մեզ զանգահարած 23-ամյա Աննան հաղորդեց, որ ինքը «քիչ էր մնում բռնության զոհ դառնար: Հաղթանակի զբոսայգում:


Երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս, իջնելով Ազատություն պողոտայի կանգառներից մեկում` Հաղթանակ զբոսայգուց փոքր ինչ հեռու, Աննան զգացել է, որ ինչ-որ մեկը հետապնդում է իրեն: Նա պատմեց, որ նույնիսկ մտքով չի անցել, որ հետևից քայլողը կհասնի մինչև իր շենքի մուտք: Աննայի խոսքերով` իրեն «սարսափը պատել է միայն այն ժամանակ, երբ հետևից քայլող տղամարդը փորձել է գրկել իրեն ու բավարարել «ցանկությունները»:

Բարեբախտաբար Աննային հաջողվել է ընդդիմանալ ու, շտապ վերելակ նստելով, «ազատվել ոտնձգություններից»:


Գուցե այս իրադարձությանն այնքան էլ ուշադրության չարժանացնեինք, եթե նմանօրինակ պատմություններով զանգեր հաճախակի չստանայինք: «Իրենց բավարարել ցանկացող» տղամարդկանց հետ կապված պատմություններում ընդհանուր է մեկ բան, որ վերջիններիս մարդիկ հանդիպում են զբոսայգիներում կամ դրանց հարող տարածքներում:

Հուսանք, որ Ոստիկանությունը հսկողությունը կուժեղացնի ոչ միայն Մաշտոց պողոտային ուղղահայաց Կարեն Դեմիրճյանի անվան պողոտայում, որի հարցով Aysor-ն արդեն դիմել է, այլև Երևանի մյուս այգիներում ու զբոսայգիներում ու դրանց հարող տարածքներում: 


21.12.2009, 11:05



Հ.Գ. - Կարդացեք Aysor-ի թղթակից Փառանձեմ Հովհաննիսյանի նախորդ հրապարակումները ևս` «Երևանի կենտրոնում չի հաջողվում բռնել կանանց ահաբեկող տղամարդուն» և «Այգին ու գետնանցումը կլուսավորվեն 2010 թվականին»:

Saturday, December 19, 2009

«Ձմեռային փառատոն-Հայաստան 2009»-ի շքերթի մեկնարկի վայրը փոխվել է


Ժամեր անց մեկնարկելու է «Ձմեռային փառատոն – Հայաստան 2009»-ի Ձմեռային շքերթը: Կազմակերպիչները զգուշացնում են, որ շքերթի մեկնարկի վայրը փոխվել է` այն սկիզբ կառնի Երևանի քաղաքապետարանի տարածքից 14:00-ին:

Հիշեցնենք, որ «Ձմեռային փառատոնը» կազմակերպվում է երրորդ անգամ: Փառատոնի անցկացման մտահղացումը պատկանում է «Դիիմ քոմյունիքեյշնզ» («Deem communications») ընկերությանը, որին աջակցել է «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը: Փառատոնի անցկացմանն այս տարի աջակցում են նաև ՀՀ էկոնոմիկայի և մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Պողոսյան հիմնադրամը և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ»-ը:

Կազմակերպիչները կոչ են անում բոլորին տաք հագնվել ու դուրս գալ փողոց` ամանորյա տոներն ուրախ տրամադրությամբ դիմավորելու համար: Նրանք խոստանում են հեքիաթային շքերթ պարգևել ոչ միայն փառատոնի մասնակիցներին, այլև երևանաբնակներին: Վերջիններիս շքերթի մասնակցիները բուկլետներ կբաժանեն, որոնցում զետեղված է Ձմեռային փառատոնի միջոցառումների ցանկը:

Նշենք, որ շքերթը Երևանի քաղաքապետարանի տարածքից շարժվելու է Սիրահարների այգի, որտեղ մասնակիցներին ևս բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Մասնավորապես` այստեղ տեղի կունենա հայկական Կաղանդ պապի կերպարի ներկայացում, հայկական ավանդական ամանորյա ճաշատեսակների համտես, ինչպես նաև ամանորյա հուշանվերների ու աքսեսուարների ցուցահանդես-վաճառք:

Կազմակերպիչներն անակնկալ են պատրաստել նաև տոնածառի հետ կապված: Այգում տեղի կունենա տոնածառների ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն տարբեր արհեստական նյութերից պատրաստված ամանորյա տոնածառեր:

Տոնական շքերթով ազդարարելով ամանորյա տոների ուրախ սկիզբը` կազմակերպիչները հորդորում են միասին գունավորել ձմեռը, և մինչև հունվարի 6-ը խոստանում բազմաբնույթ անակնկալներ մատուցել:


19.12.2009, 11:33

Aysor.am

Տիկնիկների երկորդ կյանքը` Հայաստանի տիկնիկային թանգարանում


Հունվարին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու Տիկնիկների թանգարանի պաշտոնական բացման արարողությունը: Ինչպես հայտնեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` թատրոնին վերջապես հաջողվել է լուծել անհրաժեշտ ցուցափեղկերի խնդիրը, և թատրոնի արխիվում եղած տիկնիկները ներկայացնել լայն հասարակությանը:

Տեղեկացնենք, որ թանգարանը, որը գտնվում է Տիկնիկային թատրոնի ներսում, կրելու է թատրոնի հիմնադիրներից մեկի` Պավլոս Բորոյանի անունը, ով իր համառության շնորհիվ կարողացել է հասնել նրան, որ 1975 թ-ին Հայաստանի մշակույթի նախարարությունը թույլատրել է տիկնիկների թանգարան բացել:

Աշխարհում գործող եզակի տիկնիկային թանգարանների կողքին Հայաստանի տիկնիկների թանգարանը աշխարհին ներկայացնելու է ոչ միայն խաղարկային տիկնիկներ, այլև տարբեր երկրների ազգային տիկնիկներ ու տիկնիկների էսքիզներ: Թանգարանի ոչ խաղարկային տիկնիկների թվում են նաև Հնդկաստանի տարբեր նահանգների ազգային տարազներով տիկնիկները, որոնք տարիներ առաջ նվիրել է Հնդկաստանի վարչապետը:

Բացի այդ` թանգարանում ներկայացվելու են 1982 թ-ի Հայաստանում տեղի ունեցած Անդրկովկասյան երկրների առաջին տիկնիկային փառատոնի շրջանակներում ներկայացված Խորհրդային միության երկրների նկարիչների աշխատանքները, որոնց մի մասը հենց այն ժամանակ Հայաստանի ղեկավարությանը հաջողվել է պահել Երևանի տիկնիկային թատրոնում:

Երևանի տիկնիկային թատրոնը շուրջ 6 տարի համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ և տիկնիկների փոխանակում է կատարում այլ երկների հետ: Այսպիսով, թատրոնն ունի անգլիական, ղազախական, բուլղարական ու այլ ազգային տիկնիկներ: Թատրոնի տիկնիկների շարքում իրենց ուրույն տեղն են գրավում նաև նվեր-տիկնիկները, այդ թվում` չինական ազգային տիկնիկը, որը թատրոնին նվիրել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և նոր զելանդական տիկնիկը, որը նվիրել է ՀՀ երկրորդ նախագահի կինը`Բելլա Քոչարյանը:

Հարկ է նշել նաև, որ տարբեր փորձությունների ու պատմությունների միջով անցած Տիկնիկների թանգարանը, որի տիկնիկները ոչ միայն գողացվել են, այլև վաճառվել են անխիղճ ղեկավարնների կողմից, այսօր իր ֆոնդում ունի շուրջ 300 տիկնիկ: Այս տիկնիկները, չնայած 2002 թ-ին վերանորոգվել են Լինսի հինադրամի օժանդակությամբ, սակայն առայժմ չեն ցուցադրվելու ամբողջությամբ:

Ցուցադրվելու են տիկնիկների միայն մի մասը, որոնց համար առաջին ցուցափեղկը կառուցվել է մոտ 5 տարի առաջ Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ, ներկայումս` Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աջակցությամբ, ևս 4 ցուցափեղկերի կառուցման համար միջոցներ է հատկացրել Մշակույթի նախարարությունը, իսկ մնացած 3-ը կառուցվել են Տիկնիկային թատրոնի միջոցներով:


19.12.2009, 11:02

Aysor.am

Friday, December 18, 2009

«Ձմեռային փառատոնը» տոնական տրամադրություն է ստեղծելու


«Ձմեռային փառատոն-Հայաստան 2009»-ն արդեն մեկնարկել է: Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի պաշտոնական բացումը:


Տեղեկացնենք, որ «Ձմեռային փառատոնն» արդեն կազմակերպվում է երրորդ անգամ: Փառատոնի անցկացման մտահղացումը պատկանում է «Դիիմ քոմյունիքեյշնզ» («Deem communications») ընկերությանը, որին աջակցել է «Կանաչաստան» հասարակական կազմակերպությունը: Փառատոնի անցկացմանն այս տարի աջակցում են նաև ՀՀ էկոնոմիկայի և մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Պողոսյան հիմնադրամը և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ»-ը:


Ինչպես Aysor-ի հետ զրույցի ժամանակ հայտնեց «Ձմեռային փառատոն – Հայաստան 2009» նախագծի համակարգող, «Կանաչաստան» ՀԿ ծրագրերի ղեկավար Էդուարդ Լևանյանը, փառատոնի հիմանական միջոցառումների մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 19-ից` Ամանորյա տոնական շքերթով, որը սկիզբ կառնի Երևանի Ս. Կաթողիկե եկեղոցու բակում և կշարժվի դեպի Սիրահարների այգի:


«Փառատոնի հիմնական նպատակն է նախատոնական ու տոնական օրերի ուրախ անցկացման սկիզբ դնել Հայաստանում, ու ամանորյա տոներն ուրախ անցացնելու ավանդույթ ձևավորել»,- հայտնեց Է. Լևանյանը, ով համոզված է, որ ամանորյա տոնական տրամադրությունը պետք է ոչ թե սկիզբ առնի գնումները կատարելիս, այլ շաբաթներ առաջ:


Հենց այս նպատակով կազմակերպիչները տասնյակից ավելի միջոցառումներ են իրականացնելու, որոնց գերակշռող մասը լինելու է բացօթյա: Այսպիսով, վաղը` տոնական շքերթից բացի, սիրահարների այգում սպասվում է բացման համերգ: Նշենք, որ այգու տարբեր մասերում փառատոնի մասնակիցները տարբեր համերգային համարներ կարող են վայելել` երգ, երաժշտություն ու պար:


Է. Լևանյանի տեղեկացմամբ այգում կազմակերպվելու է նաև ամանորյա տոնավաճառ, որի ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնը ցուցադրելու է ամանորյա հուշանվերներ ու աքսեսուարներ:


«Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ ներկայացնելու են հայկական ավանդական ամանորյա ճաշատեսակներ, և կազմակերպելու են համտես»,- մանրամասնեց Է. Լևանյանն ու հայտնեց, որ կազմակերպվելու է նաև հայկական Ձմեռ պապի` Կաղանդ պապի կերպարի ներկայացում, ինչպես նաև տոնածառների ցուցադրություն:


Տոնածառների ցուցահանդեսն ունենալու է բնապահպանական նշանակություն: Այստեղ հասարակական, բարեգործական, բնապահպանական կազմակերպությունները, ինչպես նաև ուսանողական խորհուրդները ներկայացնելու են տարբեր արհեստական նյութերից պատրաստված տոնածառներ: Բացի այդ, կազմակերպվելու են նաև մանկական խաղեր, որոնք իրականացնելու են Հայ սկաուտական շարժում ընկերությունը և Հայաստանում Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ասոցիացիան:


Փառատոնյան միջոցառումները, որոնք շարունակվելու են մինչև հունվարի 6-ը, այսքանով չեն սահմանափակվում: Հունվարի 5-ին և 6-ին` Հիսուսի ծննդյան օրը, Ս. Կաթողիկե եկեղեցու բակում իրական կենդանիների մասնակցությամբ, բեմադրվելու է Մեսիայի ծնունդը:


Միջոցառումների ցանկից առանձնացնենք նաև հունվարի 5-ին տեղի ունենալիք «Արծաթե և Ոսկե» երեկույթը և դեկտեմբերի 23-ին սիրահարների այգում անցկացվելիք տոնական համերգը, որի ընթացքում հայկական ռոք-խմբերը կատարելու են ամանորյա երգեր: 



18.12.2009, 13:01

Aysor.am

Thursday, December 17, 2009

Համաշխարհային երաժշտության լեգենդները կլինեն Երևանում


2010 թ-ին մեկնարկելու է «Համաշխարհային երաժշտություն» փառատոնը, որը «Վիբրոգրաֆուս» ընկերության նվերն է Հայաստանի երաժշտասեր հասարակությանը: Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, փառատոնի ընթացքում Երևանում ելույթ են ունենալու լեգենդար երաժիշտներ` աշխարհի տարբեր անկյուններից:

Ընկերության ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` ապրիլի 28-ին Հայաստան են ժամանելու ջազ-ֆյուժնի հիմնադիր, աշխարհահռչակ կիթառահար Ջոն Մաքլաֆինը և նրա «The 4th Dimension» խումբը: Մայիսի 7-ին Հայաստանը ևս մեկ անգամ կհյուրընկալի աշխարհահռչակ Յեն Անդերսոնին, ով կնվագի օրկեստրային «Jethro Tull» սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ հունիսի 17-ին հայ երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու գնչուական ջազի վիրտուոզ Անջելո Դեբարրին:


Հիշեցնենք, որ «Վիբրոգրաֆուս» ընկերությունն արդեն հայտարարել է նաև «Deep Purple» ռոք-խմբի մայիսի 25-ին կայանալիք համերգի մասին: Այս առիթով հարկ է նշել, որ չնայած տոմսերը 3-60 հազար դրամի սահմաններում են վաճառվելու, բայց կազմակերպիչները խոստանում են անակնկալներ մատուցել նրանց, ովքեր տոմսեր առաջինը կձեռքբերեն:

Նշենք նաև, որ «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որի նպատակն է բարձրակարգ երաժշտության քարոզումը և ռոքի զարգացումը Հայաստանում, արդեն կազմակերպել ու իրականացրել է այնպիսի խմբերի համերգներ, ինչպիսիք են «Uriah Heep»-ն ու «Jethro Tull»-ը:



18.12.2009, 10:31

Aysor.am

«Deep Purple»-ը Երևանում կլինի բացառիկ համերգով


Համաշխարհային ճանաչում ունեցող «Դիփ Փարփլ» («Deep Purple») ռոք խումբն իր առաջին այցելությունն է կատարում Հարավային Կովկաս, և համերգ է ունենալու Երևանում: Ինչպես հայտնեցին համերգի կազմակերպիչները, հանրաճանաչ խմբի համերգը տեղի կունենա 2010 թ-ի մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:


«Այսպիսի համերգները մեզ համար էլ են հրաշք: Կարևորը, որ ով այցելել է Հայաստան, լավ տպավորություն է ստացել թե´ հանդիսատեսից, թե´ ընդունելությունից», - հայտնեց համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը:


Խումբը կկատարի իր բոլոր ժամանակների սիրված երգերը, որոնք` հին ու նոր, դարձել են համաշխարհային հիթեր: Հայ հանդիսատեսին «Դիփ Փարփլը» կներկայանա ամբողջական կազմով` Իեն Գիլան (Ian Gillan), Ռոջեր Գլովեր (Roger Glover), Իեն Փեյս (Ian Paice), Սթիվ Մորս (Steve Morse) և Դոն Էիրի (Don Airey):


Հարկ է նշել, որ համերգի կազմակերպիչներից է նաև «Հայռուսգազարդ» ընկերությունը, իսկ ինֆորմացիոն գործընկերը «Barseghyan Media Factory»-ն է:


Կազմակերպիչները հայտնում են, որ համերգի տոմսերը (3-60 հազար դրամ) հնարավոր կլինի ձեռքբերել ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից, այնպես էլ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից ու «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից:


17.12.2009, 18:57

Aysor.am

Wednesday, December 16, 2009

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայ երիտասարդության իրազեկության բարձրացում» ծրագրի շրջանակներում տպագրվել են բուկլետներ, գրքույկներ, ստեղծվել է ինտերնետային կայք, նախատեսվում է տպագրել Արցախի քարտեզը` դպրոցականների համար, և կազմակերպել ուսուցողական դասընթացներ: Այս մասին Aysor-ի հետ զրույցում հայտնեց ծրագիրն իրականացնող «Սահմանագիծ» խմբի անդամ Սարհատ Պետրոսյանը:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի մասին գիտենք միայն, որ «Ղարաբաղը մերն է», և սրանով հաճախ սահմանափակվում են մեր պատկերացումները կոնֆլիկտի վերաբերյալ: Այս նախաձեռնության հիմնական նպատակը Արցախի հիմնահարցի վերաբերյալ մեզ բոլորիս հայտնի գիտական և իրավագիտական արժեք ունեցող փաստերի շատ պարզ և մատչելի ներկայացումն է, որն արտահայտվել է մի քանի ձևաչափով»,- հայտնեց Ս. Պետրոսյանը:


Ս. Պետրոսյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի ծրագիրն առաջին անգամ ֆինանսավորվել է Սպորտի և երիտասարդության հարցերի ու Մշակույթի նախարարությունների կողմից, իսկ այս տարի` Մշակույթի նախարարության:


Ծրագրի շրջանակներում անցկացվել է սոցիոլոգիական հարցում, որի արդյունքներով պարզ են դարձել այն հիմնական հարցերը, որոնք ամենից շատն են քննարկվում և ամենից վիճելիներն են: Այնուհետև պատրաստվել է մոտ 50 էջանոց գրքույկ` հայերենով և անգլերենով (Aysor` անգլերենով գրքույկի տպագրությունը դեռևս ընթացքի մեջ է), որում ներկայացվել են կոնֆլիկտի վերաբերյալ կարևոր և առանցքային խնդիրները, պատմական հարցերը, իրավական պատճառները, այն խնդիրները, որոնց վերաբերյալ ադրբեջանցիները մեծ աղմուկ են բարձրացնում, այդ թվում` Խոջալուի, Բաքվի ու Սումգայիթի ջարդերը:


«Ապա ձեռնարկի միջից դուրս են բերվել 10 հարցեր, ու տրվել է դրանց համառոտ բացատրությունը»,- նշեց Ս. Պետրոսյանն ու հավելեց, որ «10 հարց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բուկլետը թարգմանվել է ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով և թուրքերենով:


Բացի այդ, հարկ է նշել, որ պատրաստվել է ինտերնետային կայք` www.nkrfacts.com, որտեղ կարելի է գտնել գրքույկում ներառված տեղեկությունները: Դրանք թողարկվել են նաև DVD ձևաչափով:


«Ապագայում այն նախատեսվում է պատրաստել նաև «PowerPoint» ձևաչափով, որպեսզի տարբեր միջազգային սեմինարների մասնակցելու դեպքում ցանկացած ոք ցանկացած պահի կարողանա իրավական ու մշակութային հարցեր առաջադրել ու տալ դրանց պատասխանները»,- մանրամասնեց Ս. Պետրոսյանը, ով կարևոր համարեց տեղեկացված լինելը, հատկապես այն պարագայում, երբ «Արևմուտքը հսկայական գումարներ է ծախսում այս երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար»:


«Սահմանագիծ» խումբն այսքանով չի ավրատում Արցախի հակամարտության խնդիրը պատշաճ կերպով աշխարհին ներկայացնելու գործը: Ծրագիրն իրականացնողները կարևորում են նաև կոնֆլիկտի վերաբերյալ տեղեկատվության տարածումն ու ուսուցանումը ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս նպատակով` նախատեսվում են հանդիպումներ աշակերտների ու ուսանողների հետ, բացի այդ` նախատեսվում է տպագրել Արցախի քարտեզը, որը պետք է բաժանվի ուսումնական հաստատություններին:

Ծրագիրն իրականացնող խումը համագործակցում է գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների հետ, և բոլոր նրանց հետ, ովքեր աջակցության կամ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն ունեն: Ս. Պետրոսյանը նշեց նաև, որ տպագրված գրքույկում ու բուկլետներում եղած տեղեկատվությունը հավանության է արժանացել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունների կողմից:


«Սակայն մենք ունենք տպագրության քանակի խնդիր. գրքույկը, օրինակ, տպագրվել է 500 օրինակով, մինչդեռ մեր հաշվարկների համաձայն` տարեկան 7000 երիտասարդ մասնակցում է տարբեր միջազգային ծրագրերի ու սեմինարների, ամեն տեղ էլ քնարկումներ լինում են և ամեն տեղ էլ պետք է պատրաստ լինես հարցերին պատասխանել»,- հայտնեց Ս. Պետրոսյանն ու հավելեց. «Այս ամեն ինչը փոքր ծավալներով է իրականացվում նաև այն պատճառով, որ մեր ինտուզիազմի մակարդակով է արվում, քանի որ մենք ոչ մի գումար չենք աշխատում ծրագրից, ավելին` մենք ենք գումարներ ներդնում` մեր աշխատանքն իրականացնելու համար»:


Ս. Պետրոսյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տեղեկատվական պատերազմին դիմագրավելու և մեր հասարակության մեջ կոնֆլիկտի մասին տեղեկատվությունը տարածելու ու ամրագրելու համար, անհրաժեշտ է աշխատանք տանել ոչ միայն պետական, այլև հասարակական մակարդակով: Նա հույս հայտնեց, որ «կգա մի փուլ, երբ ինչ-որ մարդիկ կարող են այս գործով ավելի մասնագիտացված զբաղվել»:


«Արդեն պետությունը կատարում է ինչ-որ փորձեր այս ամենը համակարգելու ուղղությամբ»,- ընդգծեց Ս. Պետրոսյանն ու հավելեց. «Հենց միայն այն, որ մեր գիտակցության մեջ ամրագրվել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, արդեն մեծ բան է»:


16.12.2009, 21:25

Aysor.am

Tuesday, December 15, 2009

«Իրավական ուժ ունի հենց Կարսի պայմանագիրը»

«Միջազգային իրավունքով նոր պետությունները հարաբերությունները սկսում են մաքուր թղթից, մինչդեռ մաքուր թղթի հասկացությունը չի կարող վերաբերել սահմաններին, քանի որ դու ճանաչում ես այն սահմնները, որոնք գոյություն ունեն»,- հայտարարեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:


Հ. Թովմասյանի խոսքերով, Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո համարվում է նոր պետություն, այս պատճառով է, որ կրկին ստորագրում է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների պայմանագրերը` չնայած նրան, որ դրանք ժամանակին ստորագրել է ԽՍՀՄ-ը: Նա նշեց, սակայն, որ սա չի վերաբերում սահմանների հարցին, քանի որ «մենք ընդունում ենք այն սահմանները, որոնք ընդունել է այն պետությունը, որի իրավահաջորդն ենք հանդիսանում մենք, այսինքն` ԽՍՀՄ-ը»:


Սահմանադրագետը նշեց, որ ճիշտ չեն այն հայտարարությունները, թե «Կարսի պայմանագիրը մենք չենք վավերացրել»: Հ. Թովմասյանի խոսքերով, իրենից և իր գործընկերներից «ընդամենը երկու օր պահանջվեց` հայտնաբերելու այդ վավերագրերը»:


Բացի այդ` սահմանադրագետը նշեց, որ «առավել իրավական ուժ ունի հենց Կարսի պայմանագիրը»:


ԱՅՍՕՐ, 16:42

Aysor.am

Վերապահումն ընկալելի չէ երկկողմ պայմանագրերում


«Այն հարցում, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կապել Արցախի հակամարտության հետ, Սահմանադրական դատարանն անելիք չունի, քանի որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ երկու պետությունները չեն կարող երրորդ պետության վերաբերյալ պայմանագիր ստորագրել»,- հայտնեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում վերապահումներ ներառելու օրենսդրական եղանակների մասին:


Սահմանադրագետի խոսքերով, «չի վնասի այն, որ ՍԴ-ն տողատակում արձանագրի, որ սույն պայմանագիրը կնքված է այս երկու պետությունների միջև և չի կարող տարածվել երրորդ պետության վրա»: Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ նման մոտեցումը կնմանվի անեկդոտի` «Հայտարարում ենք, որ ժամը 12-ն է: Ապարանցիների համար նշում ենք, որ փոքր սլաքը գտնվում է մեծի տակ»:


«Այսինքն` իրականում Սահամանդրական դատարանը դա է անելու, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ սա կապված է մյուսի հետ»,- ընդգծեց Հ. Թովմասյանը:


Բացի այդ` սահամանադրագետը տեղեկացրեց, որ չնայած «Պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը ասում է, որ պայմանագրի ներկայացուցիչը կարող է վերապահումներով այն ներկայացնել, բայց «Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիան, ըստ էության, բացառում է երկկողմ պայմանագրերում վերապահում կատարելը»: Նա բացատրեց, որ եթե վերապահումները հասկանալի են բազմակողմ պայմանագրերի պարագայում, երկկողմի պայմանագրերում ընկալելի չէ, քանի որ «վերապահումը ևս պետք է անցնի այն նույն ընթացակարգով, ինչ ստորագրումը»:


Հ. Թովմասյանը հայտնեց նաև, որ Թուրքիան չի վավերացրել Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիան, և այդ հետևանքները նրա համար գոյություն չունեն:


15.12.2009, 16:30

Aysor.am

Հայաստանը չի պատրաստվում հանդուրժել վավերացման ձգձգումը


«Իրավական ճանապարհները հնարավորություն են տալիս կողմերին քաղաքական ռևերանսներ անել, մասնավորապես, թուրքական կողմն ի սկզբանե բաց քարտերով չի խաղում, և իր հոգու խորքում ունի ցանկություն այս հարաբերությունների հաստատումը կապել Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,- հայտարարեց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը` բացատրելով այն իրավական նորմերը, որով պետք է անցնեն հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները` երկու պետություններում վավերացվելու համար:


Հ. Թովմասյանի խոսքերով, եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման սկզբնական փուլում Թուրքիայում չէին խոսում այս գործընթացը Արցախի հակամարտության հարցի հետ կապելու մասին, ապա վերջին շրջանում պետական պաշտոնյաները սկսել են դրա մասին բացահայտ բարձրաձայնել:


«Համարժեք պատասխանը, թեպետ անուղղակի կերպով, հնչեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, թե հանձնարարված է պետական մարմիններին պատրաստել օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող են վերաբերել ստորագրությունը հետ վերցնելուն», - բացատրեց Հ. Թովմասյանն ու հավելեց, որ նման մոտեցումն ավելի նպատակահարմար է, քան Արձանագրությունները չվավերացնելը, որն ավելի պասիվ կեցվածք է:


«Այսինքն, հայկական կողմը ևս անուղղակի կերպով իրազեկեց թուրքական կողմին, որ ՀՀ-ն չի պատրաստվում շատ երկար ժամանակ հանդուրժել այս ձգձգումները, և որ Թուրքիան փորձում է կապել այս գործընթացը Ղարաբաղյան հարցի հետ», - ամփոփելով իր խոսքն` ընդգծեց Հ. Թովմասյանը:


15.12.2009, 15:16

Aysor.am

Հնարավոր է, որ ԵԽԽՎ-ն նախագահ ընտրի նոր չափորոշիչով


«Արդեն շրջանառության մեջ եմ դրել մի փաստաթուղթ, որի համաձայն, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք է մերժվեն բոլոր այն անդամների թեկնածությունները, ովքեր կառույցում ներկայացնում են մոնիտորինգային և/կամ հետմոնիտորինգային գործընթացում գտնվող անդամ-երկրներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:


Զ. Փոստանջյանը տեղեկացրեց նաև, որ ԵԽԽՎ նախագահի թեկանածուների ընտրության ընթացակարգում պարտադիր չափորոշիչ սահմանելու մասին փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու համար ինքն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ թվով ստորագրություններ: Նախաձեռնությանը միացել են 10 ներկայացուցիչներ 9 պետություններից, և փաստաթուղթն ուղարկվել է համապատասխան գրասենյակին:


Պատգամավորի խոսքերով, այժմ ինքը պետք է նամակներ գրի տարբեր պատվիրակների, որպեսզի նախաձեռնությունը հրատապ կարգով քննարկվի և դրական եզրակացություն ստանա` այդպիսով կանխելով Թուրքիայի հանրապետության ներկայացուցչի ընտրվելու հավանականությունը:


«Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները, ինչ-ինչ պատճառներ ներկայացնելով, հրաժարվեցին միանալ իմ այս նախաձեռնությանը»,- ամփոփելով խոսքը` հայտնեց Զ. Փոստանջյանը:


14.12.2009, 17:20

Aysor.am

Վրացականացվում են հայկական տեղանունները


Ջավախքի տարածաշրջանի ճանապարհներին, այդ թվում` գյուղական, տեղադրվում են ցուցատախտակներ, որոնցով վրացականացվում են Ջավախքի շրջանում գտնվող տեղանունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փորձագետ Վահե Սարգսյանը:


«Հիմնականում տեղանունների վերջում ավելացվում է «ի» վերջածանցը, իսկ տեղանունի անգլերենը բխեցվում է վրացականացված տարբերակից»,- մանրամասնեց Վ. Սարգսյանն ու հավելեց. «Բազմաթիվ տեղանուններ կան, որոնք ունեն «մեծ» կամ «փոքր» նախածանցները, որոնք ևս թարգմանվում են վրացերեն»:


Ըստ Վ. Սարգսյանի, Վրաստանի կառավարությունը սրա իրավունքը չունի: Նրա բացատրությամբ, Վրաստանը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ և ունի պարտավորություններ միջազգային կառույցների առաջ, այդ թվում` 2005 թ-ին վավերացված և 2006 թ-ի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվեցիան, որի 11-րդ հոդվածը վերաբերում է ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքների տեղանունների ու բնակավայրերի պահպանմանը:


Վ. Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Վրաստանի խորհրդարանը, վավերացնելով այս կոնվենցիան, վերոնշյալ հոդվածի վերաբերյալ ընդունում է մի բանաձև, որով վերապահում է առաջադրում, և իրավասություն է ստանում տեղանունների ներկայացումը կարգավորել ներքին օրենսդրությամբ:


«Վրաստանը չի կարծում, որ ազգային փոքրամասնություններին տրված իրավունքը պարտավորեցնում է պետությանը փոխել տարածքային միավորների գոյություն ունեցող անվանումները և աննպատակահարմար է գտնում վերոհիշյալ հարցի վերաբերյալ հետագա միջազգային համաձայնագրերի ստորագրումը»,- մեջբերելով վրացական խորհրդարանի ընդունած բանաձևը` Վ. Սարգսյանը նշեց. «Կարծում ենք, որ սա դատապարտելի քայլ է»:


14.12.2009, 13:46

Aysor.am

Monday, December 14, 2009

Հայ բլոգերների թիվն ավելացավ


Ծաղկաձորում կայացած «Բլոգ. Բլոգի կառավարման էթիկա» սեմինարի արդյունքում` շատերն ունեցան իրենց անձնական բլոգները: Սեմինարին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ, որոնցից շատերը առաջին անգամ էին տեղեկանում բլոգի, դրա ստեղծման ու կառավարման էթիկայի մասին:


Հիշեցնենք, որ սեմինարի կազմակերպիչն էր Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամը: Սեմինարն անցկացվեց դեկտեմբերի 11-13-ը:


Հիմնադրամի ծրագրերի կազմակերպիչ Քրիստինե Ասատրյանի խոսքերով` սեմինարի գլխավոր նպատակն է երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն բլոգ վարելու, ծանոթացնել բլոգի առանձնահատկությունների ու կարևորության մասին, ինչպես նաև հետագա ծրագրերի ու համագործակցության հարթակ ձևավորել:


Նշենք նաև, որ հայկական բլոգի ստեղծման, զարգացման ու տարածման փուլերի մասին արժեքավոր տեղեկատվություններ ներկայացրեցին Տիգրան Քոչարյանը և Էդգար Բարսեղյանը:


Սեմինարի ընթացքում մասնակից երիտասարդները ներկայացրեցին նաև բոգինգի մասին իրենց իմացություններն ու փորձը: Վարդան Գրիգորյանը և Վարդան Պապիկյանը ներկայացրեցին բլոգերների միավորման համար իրենց ստեղծած կայքը` www.armfeeds.com, որը տարածք է հանդիսանում գրանցված բլոգերներին գրառումները մեկ վայրում տեսնելու համար, իսկ Տիգրան Տերտերյանն էլ ներկայացրեց բաց կոդով բլոգների առանձնահատկությունների ու տեխնիկական հնարավորությունների մասին:


Արդյունքում շատերը մասնագետների օգնությամբ բացեցին իրենց բլոգները և կատարեցին առաջին գրառումները, ոմանք էլ ձևավորեցին աշխատանքային խմբեր` ստեղծված բլոգները նպատակին առավել կերպով ծառայեցնելու և հետագա ծրագրերն իրագործելու համար:



ԱՅՍՕՐ, 11:31

Aysor.am

Հ.Գ. - Լուսանկարը Վարդան Պապիկյանի