Wednesday, November 3, 2010

Ադրբեջանական կինոյի՞, թե՞ հիգիենայի օրեր


Հայաստանում անցկացվելիք` «Ադրբեջանական կինոյի օրեր» փառատոնը լուրջ ընդդիմություն է ստանում հայաստանյան որոշ լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական կայքերի շնորհիվ: Ու շատերի համար է պարզ, որ նմանօրինակ նախաձեռությամբ կարող էր հանդես գալ միայն «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը` գլխավորությամբ հայտնի Գեորգի Վանյանի: Միջոցառման հովանավորն էլ պետք է լիներ մի այնպիսի կառույց, ինչպիսին Հայաստանում Ամերիկայի դեսպանատունն է:

Հիշեցնենք, որ երբ սոցիալական կայքերը սկսեցին դեմ արտահայտվել միջոցառմանը, ՀՀ մշակույթի նախարարությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ ու հավաստիացրեց, որ նախարարությունը ոչ մի կապ չունի փառատոնի հետ: Այնուհետև բողոքի ալիքը հանգեցրեց նրան, որ փառատոնի կազմակերպիչները ստիպված եղան հետաձգել փառատոնի մեկնարկի օրը` նոյեմբերի 2-ը: Ու գրեթե ոչ մի ԶԼՄ-ի հայտնի չէ, թե ե՞րբ կկայանան կինոյի օրերը, կկայանան արդյո՞ք, թե՞ ոչ, կամ որտե՞ղ է անձամբ ինքը` Վանյանը:

Եթե ժամանակով հետ շարժվենք, ապա կհիշենք, որ 3 տարի առաջ` դեկտեմբերին, նույն Գ. Վանյանը` իր համախոհ Աշոտ Բլեյանի հետ, ադրբեջանական մշակույթի օրեր էր կազմակերպել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ամենացավալին այն է, որ այդ առիթով կրթահամալիրի սաները շարադրություններ ու բաց նամակներ էին գրել իրենց ադրբեջանցի հասակակիցներին, ու այդ գրությունները վկայում էին, որ մատաղ սերնդի հոգիներում ավերածություններ ու ստի քարոզչություն է ծավալվում ... «հայ»-ի կողմից:

Ինչևէ, միջոցառման իրականացման առիթով նույնիսկ հյուրեր էին ժամանել ադրբեջանից, և նախաձեռնությանը միակ հակահարված տվողը, թերևս, բլոգերներն էին, ովքեր ադրբեջանական մշակույթի օրերի պաշտոնական բացման օրը ներխուժել են դահլիճ և հպարտ ճառասացին` Գ. Վանյանին, օճառներ են նվիրել` «գործը փափուկ կատարելու» մաղթանքով: Ա. Բլեյանն այդ օրն այնքան լկտիություն է ունեցել, որ միջադեպի վերաբերյալ լրագրողներին ասել է. «Կրթահամալիրը միշտ էլ հիգենիկ միջոցների կարիք ունի»:

Անցած տարի նույն Ա. Բլեյանը, խոսելով ժողովրդավարությունից, ժողովրդական արժեքներ սերմանելուց, լրագրողներին փորձում էր համոզել, թե մենք պետք է հանդուրժող լինենք մյուս ազգերի ու ժողովուրդների, այդ թվում` ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ, թե մենք պետք է տարատեսակ միջոցառումներով երկխոսության գանք, այլ ոչ թե բանակցություններով կամ արձանագրություններով: Երբ Ա. Բլեյանին հարցրի, թե արդյո՞ք նա նորից միտք ունի ադրբեջանական մշակույթի օրեր հայտարարել Հայաստանում, նա, անշուշտ վրդովվեց, ավելին` ընդգծեց, որ հենց ինձ նմաններն են, որ իշխանությունների ցանկությունն են կատարում ու էլի նմանօրինակ բաներ (այդպես էլ չհասկացա` հարցս ի՞նչ կապ ուներ իշխանությունների ցանկության հետ):

Ամիսներ անց լրագրողների ուշադրության առջև հայտնվեց Գեորգի Վանյանն ու խնդրեց բոլորին տեղեկատվության տարածմամբ սատարել իրեն, քանի որ ինքն իր օտարերկրացի, ինչպես նաև` ադրբեջանցի համախոհների հետ, ցանկանում է մեր տարածաշրջանում ստեղծել մի տարածք` «հրապարակ», որտեղ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ կկազմակերպվեն, ինչպես նաև կնախաձեռնվեն մի շարք հասարակական ու մշակութային միջոցառումներ: Այս իրականացնելու համար, սակայն, Վանյանին ֆինանսներ կամ օճառներ էին հարկավոր, և հարկավոր էր, որ լայն հասարակությունը տեղեկացված լինի:

Իսկ գուցե փառատոնն հենց ա՞յս տարածքում է իրականացվելու ...

Այսօր Գ. Վանյանի նախաձեռնությանը հակահարված տվողների թիվն ավելացել է, ու հասկանալի և ընդունելի է բողոքի այս ալիքը, բոլոր նրանց վրդովմունքը, ովքեր անհանգստացած են այս միջոցառմամբ, ովքեր այս հարցում մեղավոր տեսնում են նաև «իշխանությունների լռությունը»:

Հասկանալի է նաև, որ բլոգերների ցանկությունը մարգարեական ուժ է ստացել: Փաստորեն, օճառներն իսկապես իրենց նշանակությունն ու դերը խաղացել են «փափուկ գործելու» առումով, և այսօր արդեն Գ. Վանյանն ու իր համախոհներն ավելի «փափուկ», ավելի մեծ ձեռնարկ` կինոփառատոն են իրականացնում:

Ու, փաստորեն, որքան էլ ընդդիմանանք, կարմիր կովն իր կաշին չի՞ փոխում ...


Thursday, October 21, 2010

Առցանց գրական-ստեղծագործական մրցույթ

«Ուտոպինա» կազմակերպությունը հայտարարում է առցանց գրական-ստեղծագործական մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ինչպես Aysor-ը տեղեկացավ կազմակերպության մամուլի ծառայությունից, մրցույթի մասնակցության վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է` ժ. 12:00-ն:

Մրցույթն անցկացվում է կազմակերպության «Մայր-դուստր` եռակողմ հարաբերություն» նախագծի շրջանակներում: Մրցույթին ներկայացված ստեղծագործությունները տեղադրվում են կազմակերպության պաշտոնական կայքում, որի միջոցով էլ ցանկացողները կարող են քվեարկել` թողնելով մեկնաբանություններ:

Կազմակերպիչները հայտնում են, որ մրցույթի արդյունքներն ամփոփելիս` հաշվի են առնվելու նաև ընթերցողների ու քվեարկողների հիմնավորումները` ներկայացված այս կամ այն ստեղծագործության վերաբերյալ: Բացի այդ` քվեարկել կարող եք նաև «Facebook» սոցիալական կայքում` կազմակերպության էջի միջոցով:

20.10.2010, 18:13

Aysor.am

Երեք ֆիլմ` մեկ երեկոյի ընթացքում

Այսօր Նարեկացի արվեստի միությունը «Կինոաշուն» նախագծի շրջանակներում ներկայացնում է երեք հայկական ֆիլմ: Այս մասին Aysor-ին հայտնեց ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:

Ն. Հայրապետյանի տեղեկացմամբ` այսօր 19:00-ին կինոսերները հնարավորություն կունենան դիտելու Ստեփան Գևորգյանցի «Մեծ տոն», Արտակ Մուրադյանի «Անկախության ծնունդ» և Դավիթ Մաթևոսյանի «Թշնամիներ» ֆիլմերը:

Հիշեցնենք, որ Նարեկացի արվեստի միությունը հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 9-ը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ միասին ներկայացնելու է հայկական ֆիլմերի երեկոներ: Ֆիլմերը ցուցադրվելու են յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի օրերին` երեկոյան 19:00-ին:

Տեղեկացնենք, որ ռեժիսոր Ստեփան Գևորգյանցի «Մեծ տոն» ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի մասին, որին կամա, թե ակամա մասնակցություն են ունեցել նաև մանուկները: Այս ֆիլմը պատերազմը ներկայացնում է հենց մանուկների աչքերով:

Ռեժիսոր Արտակ Մուրադյանի «Անկախության ծնունդ» ֆիլմի գլխավոր հերոսը բալետում պարող մի երիտասարդ է: Ֆիլմը պատմում է այն մասին է, թե ինչպես է անկախության ծնունդը` երիտասարդը, հասնում իր երազանքի կատարմանը:

«Թշնամիներ» ֆիլմում ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը սցենարի հիմք է վերցրել ռուս գրող Վսեվոլոդ Գարշինի համանուն պատմվածքը: Այն պատմում է հակառակորդ բանակներում կռվող երկու զինվորների մասին, ովքեր մահվան ճիրաններում հասկանում են, որ իրականում իրենք թշնամիներ չեն, այլ նույն ճակատագրի տեր մարդիկ, որ պատերազմի ժամանակ ոչ մեկին պետք չեն: Նրանք հասկանում են, որ կարող են իրենց լիարժեք մարդ համարել միայն այն ժամանակ, երբ հիշեն, թե ինչ է իրենից ներկայացնում իրենց սեփական մարդկային էությունը:

20.10.2010, 17:46

Aysor.am


Saturday, September 4, 2010

Դեպարդյեն պատրաստ է դերեր կերտել հայ գրականությունից


«Իմ առաջին ամենասիրած դերերից է Սիրանո դե Բերժերակի ստեղծագործությունների հիման վրա խաղացած դերերը, սիրում եմ նաև Վիկտոր Հյուգոի, Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունների հիման վրա կերտած դերարս»,- ի պատասխան Aysor-ի հարցին` հայտնեց աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն:


Հիշեցնենք, որ դերասանը Հայաստանում է «Կարոտ» մշակութային փառատոնի շրջանակներում, որը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում: Նախորդ տարիներին փառատոնն անկացվել է Մոսկվայում և առանձնանում է նրանով, որ փառատոնին մասնակցություն են ունենում մշակութային տարբեր ոլորտների ու տարբեր երկրների ներկայացուցիչներ:


Այս տարի փառատոնին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Այսօր փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մրցանակաբաշխություն:


Ժ. Դեպարդյեն հայտնեց, որ սիրում է դասականների ստեղծագործությունների հիման վրա բեմականացված ֆիլմերում դերակատարություններ ունենալ: Այս առիթով նա նշեց, որ կարելի է դերեր կերտել նաև հայ դասական գրականության ստեղծագործությունների, բանահյուսության հիման վրա, նույնիսկ` Ցեսապանության թեմայով:


Ինչ վերաբերում է «Կարոտ» մշակութային փառատոնին, ապա Ժ. Դեպարդյեն նախ նշեց, որ կարոտ բառը ֆրանսերենով տարօրինակ է հնչում, քանի որ այն նշանակում է գազար: Ըստ նրա` «հայերենով այն իրական կարոտի մասին է, որը վերաբերում է արմատներին», և այդ առումով է, որ փառատոնի անունը շատ լավ է ընտրված:


«7 մլն հայ գտնում է հայաստանից դուրս և պահպանել է իր արմատները, ու ճիշտ է կազմակերպել մի փառատոն, որը գնում է դեպի այդ արմատները, վերակնգնում է հայ ժողովրդի ավանդույթներն ու հին արվեստները, մշակութային ավանդույթները»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ժ.Դեպարդյեն:


04.09.2010, 15:34

Aysor.am

Դեպարդյեն զարմացած է. Հայերը Ֆրանսիայում խոսում են հայերեն


«Շատ ուրախ եմ գտնվելու Հայաստանում` այս բազմամշակութային փառատոնին մասնակցելու համար, մի երկրում, որի մասին ես գիտեմ բավականին երկար տարիներ»,- հայտնեց ֆրանսիացի աշխարհահռչակ կինոդերասան Ժերար Դեպարդյեն, ով Հայաստանում է «Կարոտ» մշակութային փառատոնի շրջանակներում:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ից մեկնարկել է «Կարոտ» հայկական մշակութային փառատոնը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում և Արցախում: Նախորդ տարիներին փառատոնն անկացվել է Մոսկվայում և առանձնանում է նրանով, որ փառատոնին մասնակցություն են ունենում մշակութային տարբեր ոլորտների ու տարբեր երկրների ներկայացուցիչներ:


Այս տարի փառատոնին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Այսօր փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մրցանակաբաշխություն:


Ժ. Դեպարդյեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Ֆրանսիայում ծանոթ է բազմաթիվ հայերի, այդ թվում` հանրաճանաչ: Նա նշեց, որ գիտե, թե ինչու են հայերը հայտնվել Ֆրանսիայում, ինչ է նշանակում այն Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915 թ-ին:


«Ես ծանոթ եմ Ֆրանսիայում ապրող հայերի արդեն 4-րդ սերնդի ներկայացուցիչների հետ, ովքեր խոսում են և’ իրենց հայրենիքի լեզվով, և’ իրենց հովանի տված երկրի լեզով: Մի բան ինձ միշտ զարմացնում է. նրանք չեն մոռացել ո’չ իրենց ավանդույթները, ո’չ լեզուն»,- ընդգծեց դերասանն ու նշեց, որ իր կարծիքով` դա նրանից է, որ «նրանք միշտ մնում են իրենց նախնիների ստվերների հետ»:


04.09.2010, 15:18

Aysor.am

Բուհերն առանց ուսանո՞ղ, թե՞ հանուն ուսանող ունենալու


Հայաստանի հանրակրթական դպրոցների` 12-ամյա կրթական համակարգի անցնելու փաստը հաջորդ` 2012 թ-ին հանրակրթական դպրոցներին զրկում է շրջանավարտներ ունենալու հեռանկարից: Այս հանգամանքը մտահոգիչ է հատկապես բուհերի համար, որոնք, փաստորեն, հաջորդ տարի առաջին կուրսեցիներ չեն ունենալու, կամ …


Այն մասին թե ինչպե՞ս են լրացվելու դիմորդների բացը և ըստ այդմ էլ` լուծվելու առաջ եկած խնդիրները, Aysor-ը զրուցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի հետ: Նրա խոսքերով, այդ ուղղությամբ բուհը մի շարք քայլեր է ձեռնարկում:


«Նախնական պայմանավորածությունն այսպիսին է, որ պետական ֆինանսավորման մակարդակը չի իջնելու այս տարվա ֆինանսավորման մակարդակից»,- որպես առաջնային քայլ` նշեց Ո. Մարուխյանը:


Մյուս կողմից, ըստ համալսարանի ռեկտորի, բոլոր այն դիմորդները, ովքեր այս տարի չեն կարողացել հաղթահարել ընդունելության մրցույթը, կարող են դիմել մյուս տարի` բուհ ընդունվելու ավելի լայն հնարավորություններով:


«Օրինակ` պետպատվերի շրջանակներում մեր համալսարան ընդունվողների թիվն այս տարի բակալավրի համակարգով եղել է 253-ը, և, իմ կարծիքով, այդ թիվը հասանելի կլինի մեզ համար նաև մյուս տարի»,- ընդգծեց Ո. Մարուխյանն ու հավելեց, որ այս դեպքոմ խնդիր կառաջանա վճարովի ուսուցման համակարգում:


Վճարովի ուսուցման համակարգում ուսանողների թվի սակավությունն իր հերթին բուհի համար ֆինանսական խնդիրներ է առաջ բերելու: Այս առիթով էլ ռեկտորը խոստովանեց, որ «չնայած դրանով պայմանավորված` համալսարանը կունենա ֆինանասական լուրջ դժարություններ, սակայն նախորդ տարիներին որոշակի խնայողություններ է կատարել և կուտակած միջոցներով կմեղմի բացը»:


Ու որպեսզի սակավաթիվ դիմորդներն ընտրեն հենց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջարկած մասնագիտությունները, բուհը լրացուցիչ աշխատանք է կատարելու` ավելացնելու հետաքրքրությունը այդ մասնագիտությունների գծով և տալու համապարփակ տեղեկություններ` համալսարանի տված գիտելիքների ու ընձեռած առավելությունների վերաբերյալ:


Շարունակելի …

04.09.2010, 14:53

Aysor.am

Ժ. Դեպարդյե. Թուրքիան սկսել է Ցեղասպանության ճանաչումը


«Այսօր այցելել եմ Ցեղասպանության հուշարձան, որն ինձ վրա թողել է մեծ տպավորություն»,- հայտարարեց աշխարհահռչակ ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դեպարդյեն` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:


Հիշեցնենք, որ դերասանը Հայաստանում է «Կարոտ» մշակութային փառատոնի շրջանակներում, որը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում ու Արցախում: Նախորդ տարիներին փառատոնն անկացվել է Մոսկվայում և առանձնանում է նրանով, որ փառատոնին մասնակցություն են ունենում մշակութային տարբեր ոլորտների ու տարբեր երկրների ներկայացուցիչներ:


Այս տարի փառատոնին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Այսօր փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մրցանակաբաշխություն:


Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղապանության ճանաչման մասին, դերասանը հավաստիացրեց, որ «Թուրքիան ճանաչման գործընթացն արդեն կամաց-կամաց սկսել է»:


«Չեմ ցանկանում քաղաքականացնել այսօրվա հանդիպումը, բայց գիտեմ, որ կան երկրներ, որոնք Ցեղասպանության ճանաչման հարցադրումը դրել են Թուրքիայի առջև»,- ընդգծեց Ժ. Դեպարդյեն ու հավելեց, որ այս գործում ևս կարևոր է մշակույթի դերը:


Ըստ նրա` «քաղաքականությունը հետաքրքրությունների ու շահերի հավասարակշռություն է, իսկ մշակույթը` ազատություն է, մարդու արտահայտման ազատութունը, ազգի արմատների ազատութունն է»: Նրա խոսքերով` հենց մշակույթը պետք է մարդկանց սովորեցնի, որ իրենք տարբեր են ու զանազան, և, որ պետք չէ վախենալ այդ տարբերությունից:


Դերասանը խոստովանեց նաև, որ Հայաստանում գտնվելու իր նպատական այն է, որ աշխարհին ներկայացնի «այնպիսի Հայաստան, որն արագ տեմպերով գնում է առաջ` առանց մոռանալու նախկին վերքերը»:


04.09.2010, 14:51

Aysor.am