
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին հրավիրել են Ադրբեջան, որպեսզի տեսնի Բաքվից ոչ հեռու գտնվող Ղուբա քաղաքի մոտակայքում հայտնաբերված ոսկորները: Այս մասին Aysor-ի հետ զրույցում հայտնեց Հ. Դեմոյանը, ով նշեց նաև, որ հրավերքի պատճառ է հանդիսացել իր առաջարկը` ԴՆԹ-ի և ռադիոածխածնային անալիզի միջոցով պարզել, թե որ դարաշրջանին և ում են պատկանում Ղուբայում հայտնաբերված ոսկորները:
Շատերի կարծիքով աննշան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագիրը, որը հրապարակվել էր 2009 թ-ի դեկտեմբերի 30-ին, և տեղեկացնում էր այն մասին, որ Ղուբայում հայտնաբերված մարդկանց ոսկորների տեղում Ցեղասպանության հուշահամալիր կառուցելու համար հատկացվելու է 1 մլն մանաթ (մոտ 1 մլն ամերիկյան դոլար), չէր վրիպել Հայկ Դեմոյանի աչքից: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նույնիսկ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ իր ձեռքի տակ եղած վավերագրերը փաստում են, որ հայտնաբերված ոսկորները Ղուբայի հայ մեծահարուստների մասունքներն են, որոնք արտաքսվել են քաղաքից և ոչնչացվել երեխաների հետ, երբ այստեղ տեղի են ունեցել համայնքային սպանություններ:
«Խայտառակ բան է տեղի ունենում, երբ ոսկորների շուրջ ստեղծում են հերթական միֆը. տեղական պեղումներ են իրականացվում, արտասահմանյան դիվանագետներ, հյուրեր ու ուսանողներ են այնտեղ տարվում, տեղի է ունենում մարդկանց ոսկորների ու պատմության հետ մի խաղ, ինչն անբարոյականություն»,- հայտարարել էր Հ. Դեմոյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ և հավելել. «Հայկական կողմը պատրաստ է նույնիսկ աջակցել ֆինանսապես, ԴՆԹ-ի անալիզ անցկացվի, ամեն ինչ պարզելու համար: Սա գիտական մոտեցում է, այլ ոչ թե չխոսող ոսկորները պատմության շրջանառության մեջ դնել, իբր հայերի կողմից ժամանակին սպանված հրեաներ կամ ադրբեջանցիներ են, ինչը ոչ միայն հակագիտական է, այլև անբարոյական»:
Այս հայտարարությունը, Հ. Դեմոյանի խոսքերով, ակտիվ արձագանք է ստացել ադրբեջանական կողմից, ինչն «ապացուցում է, որ լուրջ խոճապի են մատնվել»:
«Ես ուսումնասիրել եմ վավերագրերը, և որևէ տրամաբանական քննություն չէր բռնում այդ ոսկորների մեջտեղ բերելը, քանի որ որևէ մասնագիտական ու գիտական հիմք չկար ապացուցելու, որ սրանք կա´մ հրեաներ են, կա´մ ադրբեջանցիներ, իսկ ոսկորներն ազգություն չունեն, որովհետև ոսկորները չեն կարող խոսել, բայց ադրբեջանական քարոզչությունն այնքան կույր մոլեռանդությամբ էր առաջնորդվել, որ իր սկզբնական ելակետային արտահայտություններն ու ձևակերպումները մոռացել էր»,- հայտնեց Հ. Դեմոյանը` բացատրելով, թե հայկական կողմն ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել` ադրբեջանական կողմի նախապատրաստած ծուղակը հայտնաբերելու համար:
Հ. Դեմոյանի հաջորդ «լուրջ կռվանն ու տրամաբանական հարցն» այն է, որ եթե ոսկորները գտել են աղբանոցում, նշանակում է, որ որևէ խումբ, որը բնակվել է այդտեղ, իսպառ ոչնչացվել է, հետևաբար` որևէ ազգական, որևէ մեկ հիշողություն` այդ խմբի վերաբերյալ չկա, որպեսզի իրենց հարազատների մնացորդներն աղբանոցից հանի և նորմալ մարդկային կերպով թաղի: Այս առումով նա բացառեց նաև այն, թե նախկին աղբանոցում թաղվածները թաթարներ են կամ լեռնային հրեաներ, քանի որ «վերջիններս թույլ չէին տա, որ իրենց հարազատներն աղբանոցում թաղված մնային»:
Մասնագետը, սակայն, չի բացառում նաև, որ հնարավոր էր իրականացված լինել զանգվածային թաղում` հիվանդության արդյունքում: Այս պարագայում էլ, ըստ նրա, անհրաժեշտ է պարզել դարաշրջանը, ինչը ևս, չնչին շեղումներով, հնարավոր է` ռադիոածխածնային անալիզի միջոցով:
«Սրանք այն լուրջ կռվաններն են, որի դեմ ադրբեջանական կողմը հակափաստարկ չունի»,- ընդգծեց Հ. Դեմոյանն ու հայտնեց, որ «ադրբեջանական խուճապը նախ արտահայտվել է իր հայտարարածի վերաբերյալ լույս տեսնող հրապարակումներով, ապա իրեն հրավիրել են Ադրբեջան, ինչը, ըստ նրա, «ծիծաղելի ու զավեշտալի է»:
Հ. Դեմոյանը հիշեցրեց, որ ինքը կոնկրետ առաջարկ է արել, որոնք գիտական մոտեցումներ են, և նշեց, որ եթե «ադրբեջանցիները վստահ լինեին, թե սպանվածները կա´մ ադրբեջանցի թաթարներ են, կա´մ հրեաներ, իհարկե կասեին` եկե´ք, բայց իրենք հասկացել են, որ ընկել են սեփական ծուղակի մեջ»:
«Իլհամ Ալիևին սեփական պատմաբանները գցեցին լուրջ ծուղակի մեջ. ադրբեջանցիներն այնքան անհագուրդ էին այդ քարոզչության տարածման համար, որ չնկատեցին ինչպես սարքեցին ծուղակ` լարելու մեր դեմ, և արդյունքում իրենք հայտնվեցին ու իրենց նախագահին էլ գցեցին այդ ծուղակի մեջ»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Հ. Դեմոյանը:
08.03.2010, 17:11
No comments:
Post a Comment