Monday, October 5, 2009

Ներկայացումները` լեփ-լեցուն դահլիճներով, լրագրողները` դրսում


Երեկ «Հայ ֆեստ» յոթերորդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հանդես եկավ Ֆրանսիայի Ֆիլիպ Ժանտի իրերի, մատների և տիկնիկների թատրոնը: Թատրոնը հայ հանդիսատեսի դատին հանձնեց «Զիգմունդ ֆոլի» ներկայացումը:


Ներկայացման մասին, անշուշտ, երկար կցանկանքայինք գրել, նույնիսկ մեկնաբանություններ ու վերլուծություններ գուցե անեինք, գուցե տխրեինք, որ մենք ունենալով տիկնիկային թատրոն, մատների ու իրերի թատրոն չունենք, որը նմանատիպ կամ ավելի յուրօրինակ ներկայացումներ կբեմադրեր:


Բանը նրանում է, որ չնայած լրագրողները փառատոնի կազմակերպիչների կողմից ստացել են համապատասխան անցագիր (bage), որով կարող են դիտել ցանկացած ներկայացում` այն լուսաբանելու համար, սակայն ապահոված չեն գոնե կանգնելու տեղով` ներկայացումը դիտելու համար:


Նույնիսկ ներկայացումը սկսելուց կես ժամ առաջ դահլիճը լեփ-լեցուն էր, միևնույն ժամանակ այնտեղ խառնաշփոթ էր տիրում: Լրագրողներին հանձնարարվեց` «Համբերե’ք, մինչև բոլորը կնստեն, հետո ազատ տեղերում էլ դուք կնստեք»: Սակայն լրագրողներից բացի «ազատ տեղերի» էին սպասում նաև ուսանողները, որոնք նույնպես պատրաստակամություն էին հայտնել ներկայացումը դիտել` «նույնիսկ ոտքի վրա կանգնած»:


Նշենք նաև, որ ոչ միայն սպառվել էին տոմսերը, այլև սպառված էին կանգնելու տեղերը: Այսպիսով` կարելի է ասել, որ ներկայացումը դիտեցին առավել ճկունները:


Թե ինչու՞ լրագրողների համար տեղեր չեն պահվել հարցին ի պատասխան` փառատոնի աշխատակիցներից մեկը հիշեցրեց, որ «միշտ էլ ու բոլոր փառատոների ժամանակ էլ այսպես է. լրագրողները նստում են ազատ տեղերը»:


Գուցե «Հայ ֆեստի» պատմության մեջ լրագրողները միշտ էլ արժանացել են «ազատ տեղերին», բայց վստահաբար կարող ենք ասել, որ հայաստանյան մյուս փառատոներն այլ ավանդույթ ունեն: Որպեսզի բոլոր փառատոները, որպես օրինակ չներկայացնեք, բավական է նշել միայն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը չնայած մասնակիցների մեծ բանակին, միշտ էլ տոմսեր կամ հրավիրատոմսեր է հատկացրել լրագրողներին:


Ուզում ենք կարծել, որ կատարվածը կազմակերպչական ու տեխնիկական խնդիր էր, որը կազմակերպիչներին չի հաջողվել կանխել, միևնույն ժամանակ զարմանում ենք, որ յոթամյա փորձառությունը նրանց ոչինչ չի ուսուցանել:


Ի. Գիլանը ցանկացել է պատմել Հայաստանի մասին, բայց հեկեկացել Է


«Իմ հիշողության մեջ ամենաանմոռաց բանը, որ մնացել է Հայաստանից, Սպիտակ կատարած իմ այցելությունն է: Քաղաքապետի հետ ես շրջեցի քաղաքում և բաներ տեսա, որ անհավատալի էին ինձ համար, բաներ, ինչը հեռուսատատեսությամբ չի երևում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց աշխարհահռչակ «Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլանը:


Հիշեցնենք, որ ռոքի անգերազանցելի աստղերը Հայաստնում են «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում: Իէն Գիլանը («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ), Թոնի Այոմիը («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) Ջեֆ Դաունսը («Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի աստղ Փեթ Քեշը և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ Ջոն Դին այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստացան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից իրենց շնորհված «Պատվո շքանշանները»:


Իր առաջին այցելությունից պատմելով` երաժիշտը հիշեց, որ Սպիտակում հանդիպել է մի ծեր կնոջ, որը ժամանակավոր հյուղակում էր ապրում:


«Նա մի լուսանկար ցույց տվեց ինձ` իր 28 հոգուց բաղկացած ընտանիքի լուսանկարը, և ասեց, որ բոլորը մահացել են ու միայն ինք է ողջ մնացել»,- հիշեց Ի. Գիլանը և հավելեց. «Երբ վերադարձ Սպիտակից և երբ ինձ ասացին` ինչպե՞ս էր, ի՞նչ էր, ես բերանս բացեցի ու փորձեցի մի բան բացատրել, բայց սկսեցի միայն հեկեկալ»:


Հարկ է նշել նաև, որ Ի. Գիլանը, աշխարհահռչակ մի շարք ռոք երաժիշտների հետ, մասնակցել է Ջոն Դիի «Ռոքն օգնում է Հայաստանին»` ձայնագրելով հենց «Deep Purple» խմբի «Smoke on the Water» երգը և ձայնասկավառկը, որի վաճառքից ստացված հասույթն ուղղարկվել է աղետի գոտի:


02.10.2009, 19:17

Aysor.am

Իէն Գիլանը կարոտել է ամեն ինչի «առաջին անգամին»


«Ամենից շատ կարոտել եմ այն զգացողությունը, որ մի բան առաջին անգամ ես անում կամ, որ մի բան առաջին անգամ է կատարվում»,- պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչնեք ամենից շատ կարոտել 1960-ականներից, ասաց «Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլանը:


Ի. Գիլանի խոսքերով` չնայած կարելի է կարծել, որ «այն բաները, որոնք գնալով ավելի շատ ես անում, պետք է ավելի լավ ու հմուտ անես, բայց միևնույնն է առաջին անգամի հետ ոչ մի բան չի համեմատվի»: Այս առիթով նա պատմեց, որ իր կյանքում լավագույնը նվագել է մի ակումբում:


«Այնտեղ 50 հոգի մարդ էին ընդամենը և առաջին անգամ էր` 1969 թ-ին, երբ «Deep Purple»-ի հետ նվագեցի: Այդ օրվանից կյանքս հիմնահատակ փոխեց»,- մանրամասնեց երաժիշտը:


Շարունակելով առաջին անգամ երևույթներն ապրելու իր զգացողությունների մասին պատմելը` Ի. Գիլանը հիշեց նաև Հայաստան առաջին անգամ իր կատարած այցելությունը:


«Առաջին անգամ, երբ եկա Հայաստան, ինձ համար զգայացունց էր, երբ անցա խորհրդային միության երկրներով: Ես մինչև հասնելս Հայաստան, չէի ընկալում, թե ինչքան լավ են հասկանում այստեղի խորհդրասյին իշխանությունները արևմտյան երաժշտության ազդեցությունը` որպես սպառնալիք իրենց համար»,- կիսվեց երաժիշտը:


Ի. Գիլանը նշեց նաև, որ հենց այդ երկաթե վարագույրի գոյությամբ, որն անտեսանելի էր, բայց խիստ շոշափելի, ինքը հասկացավ մեր երկու հասարակությունների նմանություններն ու ընդհանրությունները:


02.10.2009, 19:45

Aysor.am

Friday, October 2, 2009

Հատուկ Հայաստանի համար կվերաձայնագրվի «Black Sabbath»-ի երգերից


«Երեկվա այցելությունից հետո, երբ որ տեսանք, թե ինչպիսին է դրությունն այստեղ, մանավանդ դպրոցը տեսնելուց հետո, մտածեցի, որ շատ լավ կլիներ այնտեղ շատ բան բարելավել», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց աշխարհահռչակ «Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմին:


Հիշեցնենք, որ ռոքի աշխարհահռչակ աստղերը Հայաստնում են «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում: Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի պատվավոր հյուրերը երեկ այցելել են Գյումրի և Սպիտակ, այն վայրերը, որոնց օգնելու համար 20 տարի առաջ նախաձեռնել են «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագիրը:


Թ. Այոմին պատմեց, որ երեկվա այցելությունից հետո իր մոտ միտք է ծագել վերաձայնագրելու «Black Sabbath»-ի երգերից մեկը այնպես, ինչպես «Smoke on the Water»-ը վերաձայնագրվեց:


Հարկ է նշել, որ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրը 20 տարի անց վերաձայնագրել է «Smoke on the Water» երգը և ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված հասույթն այս անգամ ևս ուղղվելու է աղետի գոտուն` Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցմանը:


Թ. Այոմիի խոսքերով` ինքը դեռ չի որոշել, թե խմբի հատկապես ո՞ր երգը կվերաձայնագրվի, սակայն հստակ է, որ այն ևս օժանդակելու է երաժշտական դպրոցին: Ամփոփելով իր խոսքը` ռոք-աստղը նշեց, որ հաճելի զգացողություններ է ունեցել Հայաստանում և շնորհակալություն հայտնեց ոչ միայն Հայաստանի ղեկավարությանը, այլև հայ ժողովրդին:


02.10.2009, 15:51

Aysor.am

«Smoke on the Water» երգն այս անգամ օգնում է երաժշտական դպրոցին


«Մենք ցանկանում ենք նշել «Smoke on the Water» ձայնասկավառակի 20-ամյակը տոնել` դրանով արժանին մատուցելով բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են «Ռոքն օգնում է Հայաստնաին» առաջին ծրագրին, և մինչև հիմա պահում են իրենց նվիրումն ու հաստատակամությունը` Հայաստանին պիտանի գնտվելու գործում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին:


Հիշեցնենք, որ ռոքի աշխարհահռչակ աստղերը Հայաստնում են «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում: Իէն Գիլանին («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ), Թոնի Այոմիին («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) Ջեֆ Դաունսին («Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի աստղ Փեթ Քեշին և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ Ջոն Դիին այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստացան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից իրենց շնորհված «Պատվո շքանշանները»:


Ջ. Դին հայտնեց նաև, որ Փեթ Քեշի հետ համատեղ վերջերս հիմնել է մի նոր` «Do Something» նախագիծը: Հենց այս նախագծի շրջանակներում կազմակերպիչները ցանկանում են ոչ միայն տոնել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի 20-ամյակը, այլև վերաթողարկել 20 տարի առաջ ձայնագրված «Smoke on the Water» երգի ռեմիքս տարբերակը և ձայնասկավառակը, որն այս ամիս վաճառքի է հանվելու «iTunes» ինտերնետային խանութում:


Այս վաճառքից ստացված հասույթը, Ջ. Դիի խոսքերով, ուղղվելու է Գյումրիում երաժշտական դպրոցի կառուցմանը:


«Իմ խոսքերը չեն հերիքում նկարագրելու այն պայմանները, որում սովորում են այդ երաժշտական դպրոցի երեխաները: Շենքը կառուցվել է 20 տարի առաջ` ժամանակավոր լինելու համար, սակայն պահպանվել է մինչ օրս, և չնայած դրսում տաք էր, դասասենյակներում ցուրտ էր ու շատ խոնավ և ոչ պիտանի երեխաներին երաժշտություն ուսանելու համար», - պատմեց Ջ. Դին և ընդգծեց. «Երաժշտությունը քանդված հասարակությանը դարմանելու գործում շատ մեծ դեր կարող է ունենալ: Այն ընդհանուր լեզու է, որին բոլորս քաջատեղյակ ենք, ուստի միջոցները, որոնք մենք կստանանք վերաթողարկումից, կտրվեն ՀՕՄ-ին, որը կվերականգնի Գյումրու երաժշտական դպրոցը»:


Հայտնենք նաև, որ ասուլիսի ներկաները դարձան աշխարհում առաջինները, ովքեր վայելեցին «Smoke on the Water» երգի ռեմիքս տարբերակը և տեսան երգի նոր տեսահոլովակը:


02.10.2009, 14:23

Aysor.am

Վարչապետի «ամենաերջանիկ օրը». պարգևատրում է ռոքի աստղերին


«Ես իմ կյանքում երբեք չէի կարող պատկերացնել, թե աշխարհահռչակ երաժիշտներին, որոնց արվեստի երկրպագուն եմ եղել, պատիվ եմ ունենալու պարգևներ հանձնել։ Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Բարով եք եկել Հայաստան, ընդունեք իմ անկեղծ շնորհակալությունը ձեր ներդրման համար, ձեր մարդասիրական մոտեցման համար»,- հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօր ընդունել և պարգևատրել է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ ռոք աստղերին:


Հիշեցնենք, որ 1989 թ-ին «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում աշխարհահռչակ մի շարք ռոք աստղեր համատեղ ձայնագրեցին «Smoke on the Water» երգը, ինչպես նաև իրենց խմբերի մեկական երգերից կազմված համնուն ձայնասկավառակը, որի վաճառքից ստացած ողջ հասույթն ուղարկեցին Հայաստան` Սպիտակի երկրաշարժի գոտի:


«Մեզ համար այսօր մեծ պատիվ է ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի պարգևները հանձնել ձեզ։ Երկրաշարժից անցել է 20 տարի, բայց հայ ժողովուրդը մի կողմից խորը կսկիծով է հիշում այն կորուստները, որ ունեցել ենք, այն մարդկային զոհերը, որ եղել են, մյուս կողմից` մենք լցված ենք մեծ զգացմունքներով այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ օրերին մեզ հետ էին, և մենք զգացինք, որ աշխարհը շատ փոքր է»,- հանդիպման ժամանակ ասել է Տ. Սարգսյանը:


ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ նախագահի անունից Հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար «Պատվո շքանշաններ» է հանձնել ռոք երաժշտությանաստղեր «Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլանին, «Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմիին, «Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջոուֆ Դաունսին և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դիին, ինչպես նաև ՀՀ վարչապետի հուշամեդալ է շնորհել մեծ թենիսի աստղ Փեթ Քեշին, ով ևս մասնակցել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծին:


«Աշխարհի տարբեր մասերից մենք ստացանք օգնություն, և այսօր այն պահն է, երբ մենք ուզում ենք մեր շնորհալության խոսքը հայտնել ձեր միջոցով այն բոլոր մարդկանց, ովքեր մեզ օգնում էին», - ընդգծել է վարչապետը:


ԱՅՍՕՐ, 15:17

Aysor.am

Հանրահայտ ռոք-աստղերը Հայաստանում են


«Երբ երկարշարժը եղավ, Արևմուտքի մարդիկ խիստ մտահոգվեցին: Անգլիայում մեր մտահոգությունն այն էր, որ ցանկանալով օգնել մի երկրի, չգիտեինք` ինչպես օգնել, քանի որ այն գտնվում էր Խորհրդային Միության կազմում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին և հավելեց, որ բարեբախտաբար այն ժամանակ Գորբաչովը թույլատրեց հատուկ Հայաստանին արևմուտքից եկող օգնության համար մուտքը:


Հիշեցնենք, որ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը կյանքի կոչվեց 20 տարի առաջ` 1989 թ-ին Ջոն Դիի կողմից, ով այդ թվին այցելել էր Սպիտակ և Լենինական` նկարահանումներ կատարելու նպատակով: Վերադառնալով Լոնդոն`Ջոն Դին որոշեց միավորել ռոք երաժշտության գերաստղերին և հատուկ սկավառակ ձայնագրել, որի ողջ հասույթը կփոխանցվեր աղետի գոտուն:


1989 թ-ի ամռանը և աշնանը Լոնդոնի հանրահայտ «Metropolis Studios»-ում կայացավ «Deep Purple» խմբի «Smoke on the Water» երգի ձայնագրությունը: Ձայնագրությանը մասնակցել են աշխարհահռչակ «Queen», «Pink Ployd», «The Who», «Deep Purple», «Black Sabbath», «Iron Maiden» և այլ խմբերի երաժիշտներ: Բացի համատեղ ձայնագրությունից, խմբերից յուրաքանչյուրը նվիրաբերեց մեկական երգ, և 1990 թ-ին թողարկվեց ձայնասկավառակ, որի վաճառքից գոյացած միջոցները տրամադրվեցին աղետից տուժած Հայաստանին:


Այս առիթով «Մեդիամաքս» գործակալությունը իրականացնում է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը, որի նպատակն է երախտագիտություն հայտնել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի բոլոր մասնակիցներին: Նշենք նաև, որ նախագիծը հնարավոր է եղել իրագործել ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ, ինչպես նաև «Հայռուսգազարդ» ընկերության և «BMI» ավիաընկերության հովանավորության շնորհիվ:


Հիշեցնենք, որ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսին հրամանագրեր ստորագրեց Իէն Գիլանին («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ), Թոնի Այոմիին («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) Ջեֆ Դաունսին («Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի աստղ Փեթ Քեշին և «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ Ջոն Դիին «Պատվո շքանշանով» պարգևատրելու մասին: Վերջիններիս այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահի անունից հանձնեց «Պատվո շքանշանները»:


Հարկ է նշել, որ նախագահի բարձր պարգևին են արժանացել նաև Բրայան Մեյը («Queen» ռոք-խմբի հիմնադիր անդամ) և Դէվիդ Գիլմորը («Pink Floyd» ռոք-խմբի հիմնադիր անդամ):


Մամուլի ասուլիսի ժամանակ Ջոն Դին շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանը` իրենց աշխատանքը գնահատելու համար, ինչպես նաև այն մարդկանց, ում շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագիծը:


02.10.2009, 13:57

Aysor.am