Thursday, October 21, 2010

Առցանց գրական-ստեղծագործական մրցույթ

«Ուտոպինա» կազմակերպությունը հայտարարում է առցանց գրական-ստեղծագործական մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ինչպես Aysor-ը տեղեկացավ կազմակերպության մամուլի ծառայությունից, մրցույթի մասնակցության վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է` ժ. 12:00-ն:

Մրցույթն անցկացվում է կազմակերպության «Մայր-դուստր` եռակողմ հարաբերություն» նախագծի շրջանակներում: Մրցույթին ներկայացված ստեղծագործությունները տեղադրվում են կազմակերպության պաշտոնական կայքում, որի միջոցով էլ ցանկացողները կարող են քվեարկել` թողնելով մեկնաբանություններ:

Կազմակերպիչները հայտնում են, որ մրցույթի արդյունքներն ամփոփելիս` հաշվի են առնվելու նաև ընթերցողների ու քվեարկողների հիմնավորումները` ներկայացված այս կամ այն ստեղծագործության վերաբերյալ: Բացի այդ` քվեարկել կարող եք նաև «Facebook» սոցիալական կայքում` կազմակերպության էջի միջոցով:

20.10.2010, 18:13

Aysor.am

Երեք ֆիլմ` մեկ երեկոյի ընթացքում

Այսօր Նարեկացի արվեստի միությունը «Կինոաշուն» նախագծի շրջանակներում ներկայացնում է երեք հայկական ֆիլմ: Այս մասին Aysor-ին հայտնեց ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:

Ն. Հայրապետյանի տեղեկացմամբ` այսօր 19:00-ին կինոսերները հնարավորություն կունենան դիտելու Ստեփան Գևորգյանցի «Մեծ տոն», Արտակ Մուրադյանի «Անկախության ծնունդ» և Դավիթ Մաթևոսյանի «Թշնամիներ» ֆիլմերը:

Հիշեցնենք, որ Նարեկացի արվեստի միությունը հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 9-ը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ միասին ներկայացնելու է հայկական ֆիլմերի երեկոներ: Ֆիլմերը ցուցադրվելու են յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի օրերին` երեկոյան 19:00-ին:

Տեղեկացնենք, որ ռեժիսոր Ստեփան Գևորգյանցի «Մեծ տոն» ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի մասին, որին կամա, թե ակամա մասնակցություն են ունեցել նաև մանուկները: Այս ֆիլմը պատերազմը ներկայացնում է հենց մանուկների աչքերով:

Ռեժիսոր Արտակ Մուրադյանի «Անկախության ծնունդ» ֆիլմի գլխավոր հերոսը բալետում պարող մի երիտասարդ է: Ֆիլմը պատմում է այն մասին է, թե ինչպես է անկախության ծնունդը` երիտասարդը, հասնում իր երազանքի կատարմանը:

«Թշնամիներ» ֆիլմում ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը սցենարի հիմք է վերցրել ռուս գրող Վսեվոլոդ Գարշինի համանուն պատմվածքը: Այն պատմում է հակառակորդ բանակներում կռվող երկու զինվորների մասին, ովքեր մահվան ճիրաններում հասկանում են, որ իրականում իրենք թշնամիներ չեն, այլ նույն ճակատագրի տեր մարդիկ, որ պատերազմի ժամանակ ոչ մեկին պետք չեն: Նրանք հասկանում են, որ կարող են իրենց լիարժեք մարդ համարել միայն այն ժամանակ, երբ հիշեն, թե ինչ է իրենից ներկայացնում իրենց սեփական մարդկային էությունը:

20.10.2010, 17:46

Aysor.am